Դեկտեմբերի 6-ի հանրաքվեում իշխանությունների ներկայացրած սահմանադրական փոփոխությունների համաժողովրդական մերժումը եւ դրան հետեւած արդյունքների խայտառակ կեղծումը եւ ժողովրդի կամարտահայտմանը հակառակ արդյունքի հայտարարումը, երկրում ստեղծել են նոր իրավիճակ:
Բոլորը գիտեն, որ իշխանությունը չունի ժողովրդի աջակցությունը, որ այն պարտվել է եւ անամոթաբար կեղծել հանրաքվեն: Դա գիտի ժողովուրդը, ընդդիմությունը, ինքը իշխանությունը, քաղաքացիական հասարակությունը եւ միջազգային հանրությունը: Ե՛ւ մեր հասարակությունը, ե՛ւ միջազգային դեմոկրատական հանրությունը այսօր բարձրաձայն պահանջում են, որ վերջապես վերջ դրվի երկրի գլխավոր չարիքին՝ ընտրությունների կեղծմանը:
Միջազգային հանրությունը, ազդված լինելով մեր ժողովրդի ակտիվ կամարտահայտությունից եւ դրան հետեւած ընտրակեղծարարության ծավալից, այսօր աննախադեպ հայտարարություններ եւ քայլեր է կատարում, պահանջելով արմատապես վերափոխել ընտրական օրենսգիրքը, ինչը թույլ կտա Հայաստանում վերջապես ազատ եւ արդար ընտրություններ անցկացնել:
Այս վիճակում Հայաստանի քաղաքական ուժերը ու քաղաքացիական հասարակությունը ուղղակի պարտավոր են ստեղծել ընտրական օրենսգրքի առանցքային եւ արմատական փոփոխության պահանջների միասնական այնպիսի մի փաթեթ, որի իրագործումը էապես կնեղացնի ընտրակեղծարարության դաշտը: Նկատի ունեմ ընտրողների կողմից ստորագրված ցուցակների հրապարակումը, ընտրացուցակների մաքրումը, բոլոր տեղամասերում ինտերնետային տեսախցիկների տեղադրումը, մատների թանաքումը:
Կարդացեք նաև
Իշխանություններն իհարկե կատաղի դիմադրություն ցույց կտան այս փոփոխություններին, որովհետեւ դա կնշանակի, ըստ էության, մեծ ընտրակեղծարարության վերջը: Պետք է ստեղծել հետեւաբար այս պահանջների շուրջ միասնական քաղաքական եւ հասարակական այնպիսի հզոր ճակատ, որ իշխանությունները ստիպված լինեն գնալ զիջումների:
Խորհրդարանական ուժերը կարող են համախմբման օրինած ծառայել: Մենք դիմում ենք իշխանական կոալիցիայից դուրս բոլոր խմբակցություններին, ինչպես նաեւ խորհրդարանում ներկայացված, բայց որեւէ խմբակցությունում չընդրկված քաղաքական ուժերի ներկայացուցիչներին սկսել աշխատանքը այդ միասնական պլատֆորմի ստեղծման շուրջ: Վստահ ենք, որ այս հարցում համախմբումը գործը առաջ կշարժի: