ԱՄՆ-ի ռազմական գերակայությունը մյուս երկրների նկատմամբ շուտով կմնա անցյալում, քանի որ նրա գլխավոր ուժը՝ հզոր ավիակիր նավատորմը, կորցրել է նախկին նշանակությունը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ամերիկյան հեղինակավոր The Washington Post թերթը:
«Նոր ամերիկյան անվտանգության կենտրոնի» հրապարակած հաշվետվության համաձայն՝ երկրի սահմաններից դուրս ամերիկյան գործողությունների համար բեկումնային շրջան է եկել: Եթե նախկինում դժվար էր ինչ-որ բան հակադրել ամերիկյան ավիակիրներին, ապա այսօր իրավիճակն արմատապես փոխվել է: «Այնպիսի երկրները, ինչպիսիք են Չինաստանը, Իրանը, Ռուսաստանը, վերջին տարիներին լրջորեն արդիականացրել են իրենց ուժերն ու սպառազինությունը, ինչը վերացնում է Միացյալ Նահանգների ռազմական առավելությունը»,- ընդգծում է պարբերականը:
«Բալթիկ ծովում Ռուսաստանը ստեղծել է ՀՕՊ բարդ համակարգ և տեղակայել հականավային հրթիռային համալիրներ: ՆԱՏՕ-ի ղեկավարությունը զգուշացրել է սիրիական տարածությունում ռուսական հրթիռների առկայության մասին, իսկ Մոսկվան արդեն իրականացրել է «երկիր-օդ» հրթիռների փորձարկումը, որոնց արդյունավետությունը փորձագետները միաձայն ընդունում են»,- գրում է պարբերականը:
«Չինաստանը, իր հերթին, ստեղծել է համակարգ, որի մեջ մտնում են «երկիր-օդ» նորագույն հրթիռներ, թևավոր հականավային հրթիռներ, սուզանավեր, հրթիռային հածանավեր և ինքնաթիռներ: Դրանով իսկ Չինաստանը ստեղծել է համալիր, որը պաշտպանում է իրեն ծովից եկող վտանգից և ի վիճակի է հակառակորդին պահել ռազմավարական կարևոր նշանակության օբյեկտներից բավարար հեռավորության վրա»,- գրում է հոդվածագիրը:
Կարդացեք նաև
«Այն դեպքում, երբ մյուս երկրները կենտրոնանում են նոր տեխնոլոգիաների կիրառմամբ բարդ համակարգերի ստեղծման վրա, ինչպիսիք են անօդաչուները, նոր սերնդի կործանիչները, Միացյալ Նահանգները շարժվում են իներցիայի ուժով և դրանով մեծ սխալ գործում: Ամերիկան կորցրել է իր գլխավոր առավելությունը՝ առանց խոչընդոտների մեծ տարածություններ վերահսկելու հնարավորությունը: Եթե առաջիկա տարում Պենտագոնը չվերանայի իր ռազմավարությունը, ԱՄՆ-ի զինված ուժերը կարող են չհասնել Ռուսաստանի և Չինաստանի նորագույն սպառազինության ետևից և հավերժ կմոռանան ռազմական գերակայության մասին»,- եզրափակում է պարբերականը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ