Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Բանդա 2» գործով ամբաստանյալ. Գումարը փոխհատուցելուց չեմ հրաժարվում

Փետրվար 23,2016 16:11

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակվում էր «Հայբիզնեսբանկից» կատարված առանձնապես խոշոր չափերի հափշտակության վերաբերյալ գործի քննությունը:

Դատական նիստի ընթացքում Արշակ Վարդանյանը հրապարակեց երկուշաբթի՝ փետրվարի 22-ին տուժող կազմակերպության վարչության նախագահ Արսեն Միքայելյանի նամակը, որին կցված է անդորրագիր 3000 դոլարին համարժեք դրամ, տուժողի հաշվեհամարին փոխանցելու մասին: Վճարման նպատակն է Էդիտա Ալիխանյանից պատճառած վնասի մասնակի փոխհատուցում: Համապատասխանաբար՝ քաղաքացիական հայցը նվազեցվել է, եւ ընդհանուր առմամբ բանկը Էդիտա Ալիխանյանից եւ Տիգրան Հովհաննիսյանից պահանջում է 2502 ԱՄՆ դոլար:

Գոհար Գաբրիելյանի ներկայացուցիչ հանրային պաշտպան Էդուարդ Աղաջանյանը դատարանին ներկայացրեց բանկից գրություն, որ բանկին հասցված վնասն ամբողջությամբ փոխհատուցվել է եւ բանկը Գոհար Գաբրիելյանի մասով հրաժարվում է իր հայցից:

Դատական նիստի ընթացքում Վահե Ստեփանյանի օգտվեց վերջին խոսքի իրավունքից. «Խնդրում եմ վերաբերվել մեղմ՝ հաշվի առնելով, որ ունեմ մանկահասակ աղջիկ՝ իմ խնամքի տակ է գտնվում: Ինչ վերաբերվում է գումարը փոխհատուցելուն՝ չեմ հրաժարվում, ուղղակի հիմա չունեմ այդ հնարավորությունը, որոշ ժամանակ հետո կմարեմ»:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ վերջնական դատական ակտ կայացնելու:

Հիշեցնենք՝ Էդիտա Ալիխանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության գործառնական վարչության հաճախորդների սպասարկման բաժնի մասնագետ, ի պաշտոնե իրեն վերապահված գործառույթներից ելնելով հասանելիություն ունենալով ավանդատուների բանկային տվյալներին, իր լիազորությունները հիշյալ ընկերության շահերին հակառակ օգտագործելով, օգտվելով Բանկի գործառնական վարչության պետ Վահե Հարությունյանի եւ սպասարկման բաժնի պետ Մարինե Սվաջյանի կողմից նույնպես՝ իրենց կարգադրիչ եւ այլ լիազորությունները ոչ պատշաճ կատարելու, դրանք չարաշահելու, այդ թվում՝ վերջիններիս վերահսկողության բացակայության հանգամանքից ու դրա հետեւանքով ստեղծված բարձիթողի վիճակից, երկարաժամկետ ավանդային պայմանագրեր կնքած ավանդատուների հաշվեհամարներից գումարներ հափշտակելու նպատակով նախնական համաձայնության գալով ամուսնու՝ Տիգրան Հովհաննիսյանի հետ, 2012 թվականի հուլիսի 31-ից մինչեւ 2013 թվականի մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 309.477.642 ՀՀ դրամին համարժեք 723.940 ԱՄՆ դոլար եւ 83.668.795 ՀՀ դրամ, որի արդյունքում Բանկի համար առաջացրել են ծանր հետեւանքներ։

Գոհար Գաբրիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2012 թվականի սեպտեմբերի 13-ից մինչեւ 2013 թվականի մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում, «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության գործառնական վարչության հաճախորդների սպասարկման բաժնի մասնագետ էդիտա Ալիխանյանի եւ վերջինիս ամուսնու՝ Տիգրան Հովհաննիսյանի հետ նախնական համաձայնությամբ, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, Բանկի հետ երկարաժամկետ ավանդային պայմանագրեր կնքած ավանդատուների հաշվեհամարներից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 73.169.992 ՀՀ դրամին համարժեք 119.900 ԱՄՆ դոլար եւ 23.923.795 ՀՀ դրամ։

Վահե Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, օժանդակել է 2013 թվականի մարտի 14-ին «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության գործառնական վարչության հաճախորդների սպասարկման բաժնի մասնագետ էդիտա Ալիխանյանի եւ վերջինիս ամուսնու՝ Տիգրան Հովհաննիսյանի կողմից նախնական համաձայնությամբ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ Բանկի հետ երկարաժամկետ ավանդային պայմանագրեր կնքած ավանդատուների հաշվեհամարներից առանձնապես խոշոր չափերի՝ 12.428.400 ՀՀ դրամին համարժեք 30.000 ԱՄՆ դոլարի հափշտակությանը։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29