«Սովորական ցեղասպանություն» նախագծի շրջանակում վերջերս լույս է տեսել «Սումգայիթյան ողբերգությունն ականատեսների վկայություններում» գրքի երկրորդ հատորը: Այս մասին այսօր «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում հայտնեց նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը: Նրա փոխանցմամբ` գրքում ամփոփված վկայություններն առաջին անգամ են ներկայացվում. «Դրանք վերջին շրջանում են հավաքագրվել: Որոշ լուսանկարներ առաջին անգամ են հրապարակվում: Անգամ չգիտենք՝ ովքեր են այս զոհերը: Պնդում են, որ Սումգայիթում երեխա չի մահացել: Բայց ահա՝ երեխայի խոշտանգված մարմինը, որի լուսանկարը դատական պրոցեսի ժամանակ է ներկայացվել»:
Գրիգորյանը նաեւ տեղեկացրեց, որ 2009թ. նախագծի շրջանակում նկարահանվել են 6 վավերագրական-փաստագրական ֆիլմեր, տեսահոլովակներ, 3 լեզուներով լույս են տեսել մի քանի գրքեր, որոնք նվիրված են 1988-1992թթ. Ադրբեջանում հայերի դեմ կատարված ցեղասպանություններին: Նախագիծը շարունակական է:
«1988թ. Սումգայիթյան ջարդերը նախապես ծրագրված են եղել, փաստաթղթերն այդ մասին են վկայում: Տեղի է ունեցել հայերի զանգվածային ջարդ, տեղահանում»,-ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:
Կարդացեք նաև
«Նախապես ծրագրավորված էր այնպիսի սարսափ ներշնչել, որ Սումգայիթի բոլոր հայերը չվերադառնան ոչ միայն Սումգայիթ, այլեւ Բաքու: Տեղի ունեցածը 1918թ. որդեգրած ցեղասպանական քաղաքականությունն էր, որը իրականացվել է այն ձեւերով, որոնք հասու են եղել: Ադրբեջանը հայերին բնաջնջելու հարցում «հաջողել» է»,-նկատեց Ալավերդյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 27-ը Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրն է:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ