«Սումգայիթում եւ Կիրովաբադում 1988թ. Խորհրդային Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանությունն ունի 1915թ. ցեղասպանության ձեռագիրը: Աշխարհը ճիշտ մոտեցում չցուցաբերեց եւ չդատապարտեց այդ ամենը: Եթե ժամանակին դատապարտեին, 1990թ. Բաքվի ջարդերը տեղի չէին ունենա»,-այսօր «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում ասաց «Ահազանգ» ՀԿ գործադիր տնօրեն Ջուլիետա Երեմյանցը: Նա ծննդով Ադրբեջանի Գանձակ (Կիրովաբադ, ներկայում` Գյանջա) քաղաքից է:
Տիկին Երեմյանցը հիշեցրեց, որ 1988թ. Ադրբեջանի ԽՍՀ-ում Սումգայիթից բացի կազմակերպվել են նաեւ Գանձակի ջարդերը: Ինչպես Սումգայիթի պարագայում, այս դեպքում եւս հիշատակվում է քիչ թվով զոհերի մասին, սակայն Ջուլիետա Երեմյանցի խոսքով` սպանված եւ անհետ կորած հայերը թիվը մի քանի տասնյակ է. «Մեր քաղաքում նույնպես անջատեցին հոսանքը, հեռախոսները, որպեսզի չկարողանայինք օգնություն կանչել: Մարտի 3-ին ենք իմացել, թե ինչ է եղել Սումգայիթում: Կիրովաբադում ջոկատներ էին տեղակայվել՝ 15.000 ավելի մարդ հարձակվեց հայերի վրա: Մեր քաղաքը գետով բաժանված էր երկու մասի, մի մասում հայերն էին ապրում, մյուսում` ադրբեջանցիները: Վերջիններս կամուրջներով անցան մեր թաղամասեր: Մենք միասնական էինք, կարողացանք ինքնապաշտպանություն կազմակերպել: 650 ջարդված, կողոպտված, բռնաբարված հայ ընտանիք ապաստանեց սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Մենք փրկվեցինք եկեղեցում: Դպրոցը դարձրել էինք հոսպիտալ: Այն, ինչ տեղի ունեցավ, վանդալիզմ էր…»,-վերհիշեց Երեմյանցը:
Նրա տվյալներով` Սումգայիթի եւ Գանձակի ջարդերից հետո 360.000 բռնագաղթված հայ եկել է Հայաստան, սակայն Ադրբեջանում 800.000 հայ է եղել. «Մենք չենք վիրավորվում Հայաստանից, դժվար պայմաններում եկանք, մարդիկ չկարողացան ինտեգրվել եւ նորից գաղթի ճանապարհը բռնեցին»:
Բանախոսը նաեւ ասաց, որ «փախստական» բառն իր համար վիրավորական է. «Մենք բռնագաղթվածներ ենք: Ադրբեջանցիները համարեցին, որ մենք եկվոր ենք, մինչդեռ նրանք են եկվոր: 200 տարի իմ գերդաստանն ապրել է Գանձակում»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ