«Նոյան տապանում» տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Աղայանն ասաց, որ սկսում են ազգային հեղափոխություն, որի շրջանակներում ժողովուրդը նախապես կընտրի այն ուժին, որը նախընտրական եւ հետընտրական զարգացումների ժամանակ կհամակարգի եւ կառաջնորդի պայքարը:
Ասուլիսը վարողը նշեց, որ վերջին տարիների ընթացքում հեղափոխության անելու նպատակով մի շարք ուժեր են ստեղծվել ու պայքարել, սակայն ոչ ոք չի հասել արդյունքի: Այս դեպքում ի՞նչ միջոցներ պետք է կիրառի «Հայազն»-ը: «Բոլոր այն ուժերը, որոնք հեղափոխական կարգախոսներով են հանդես գալիս, նրանց մեջ գերակայող ուղղությունը վերջին տարիներին եղել է առկա համակարգային պայքարը: Մենք չենք խաղում իշխանությունների խաղի կանոններով, մենք փորձում ենք մեր սեփական խաղի կանոնները թելադրել»,- արձագանքեց Արմեն Աղայանը:
Ըստ նրա՝ վերջին տարիներին պայքարը տարբեր դրսեւորումներ է ստացել. «Եղավ Շանթ Հարությունյանի փորձն ինչ-որ բան անելու, եղավ Նախախորհրդարան-Հիմնադիր խորհրդարանի փորձը: Հիմա նոր ձեւաչափեր են ստեղծում կամ վերաձեւակերպում են: Մեր առաջարկության եւ նրանց առաջարկության աղբյուրները նույնն են: Դա ժամանակին ազատագրված տարածքների պաշտպանության շրջանակներում է միտքն իր առաջին խմորումը ստացել»:
Նա նշեց, որ հետագայում Ժիրայր Սեֆիլյանն այդ գաղափարը տարել է «Սարդարապատ», Հիմնադիր խորհրդարան եւ այլ ձեւաչափեր. «Նա հանեց մի շատ կարեւոր բաղադրիչ. դա պաշտոնապես անցկացվող պետական ընտրությունների ժամանակ ժողովրդից աջակցություն ստանալն է: Հենց այդ աջակցության պակասն էր, որ այդ խմբակին պարբերաբար փորձում էր ստիպել գործակցել այն մարդկանց հետ, որոնք ունեին այդ աջակցությունը»:
Կարդացեք նաև
Արմեն Աղայանը բերեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի օրինակը. «Երբ նա նախագահական ընտրությունների ժամանակ 540.000 քվե ստացավ, «Սարդարապատը» հասկացավ, որ դա հենց այն բանն է, որն իրենց միշտ պակասել է, բայց, քանի որ իրենք հռչակել էին, որ իրենք այս իշխանությունների խաղը չեն խաղում ու կեղծվող ընտրություններին չենք մասնակցում, ստիպված եղան դիմել Րաֆֆի Հովհաննիսյանին եւ խնդրեցին անել այն, ինչ իրենք էին ուզում անել»:
Նա կարծիք հայտնեց, որ ցանկացած գաղափար ներկայացնող քաղաքական միավոր, Հայաստանի պայմաններից ելնելով, չի կարող իր բակում ինչ-որ գործընթաց կազմակերպի եւ ասի, որ ինքն, իշխանությունների խաղը չխաղալով, Հայաստանի ղեկավարությունն է. «Հիմնադիր խորհրդարան ասելով, հիմնադիր խորհրդարան չես կարող դառնալ»:
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ
Լուսանկարը՝ «Նոյան տապանի»