Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու նախագիծն է քննարկվում ԱԺ-ում:
Էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանն ասաց, որ տեւական ժամանակ հայկական գունագեղ քարերն օգտագործվում են հուշանվերների, շինարարության մեջ, ներկայումս Վանակատի հանքավայրը շահագործողները խնդիրներ ունեն: Որպեսզի արդյունավետ լինի օբսիդիանի շահագործումն ու մշակումը, որոշվել է, որ հանքավայրի շահագործման համար օպտիմալ պետտուրքը 100 հազար դրամն է՝ 10 մլն-ի փոխարեն:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը փոխնախարարին հարցրեց՝ «Բա ինչի՞ էին հաշվել 10 մլն, եթե ճիշտը 100 հազար դրամն էր, ո՞վ պետք է պատժվի դրա համար»: Նա հորդորեց բացարձակ արժեք չսահմանել՝ որպես պետտուրք:
Էմիլ Տարասյանը պատասխանեց, որ տարբեր բանաձեւեր են քննարկել կառավարությունում տնտեսվարողների ու մասնագետների հետ. «Այդ օպտիմալ չափն է նախատեսվել քանակային առումով, իսկ գնային առումով հիմք է ընդունվել շուկայական արժեքը, որը 1 տոննայի համար 60 հազար դրամ է: Հաշվի առնելով, որ հանքահումքային նյութերի արժեքը գնալով նվազում է, կարծում եմ, մոտ ապագայում գնային աճ չենք ունենա: Կառավարության դիրքորոշումն է եղել, որ ֆիքսած գին սահմանենք»:
Կարդացեք նաև
Հրանտ Բագրատյանն արձագանքեց. «Պապս էլ Քրիստոսի ձեռը բռնած գա, ես գիտեմ, որ կա մի բանաձեւ, որ ճիշտ է՝ դա ռոյալթին է: Հանքերի հետ խաղ անել չի կարելի: Քիչ ես դնում՝ գերշահագործում է գնում, շատ ես գնում՝ գործն է կանգնում: Աշխարհը մոգոնել է մի բանաձեւ՝ ռոյալթի՝ հաշվի առած եկամուտ»:
Փոխնախարարը խոստացավ այդ առաջարկը քննարկել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ