«Մեր համոզմունքով՝ ազգային հեղափոխությունն այսօր հանրային պահանջարկ է վայելում, որը, սակայն, ընթացք չի ստանում կազմակերպչական բավարար կառուցվածքների բացակայության պատճառով: Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում իշխանական եւ ընդդիմադիր ճամբարներում եւ ժողովրդի անբավարարվածությունը»,- այս մասին «Նոյան տապանում» հայտարարեց «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Աղայանը:
Նա արձանագրեց, որ Սահմանադրական փոփոխություններից հետո տեղի է ունենում մի գործընթաց, պետք է բոլոր միջոցներով, անպայման կանխել. «Խոսքը Հանրապետական կուսակցության միակուսակցական իշխանության հավերժացման փորձն է, զուգահեռաբար Սերժ Սարգսյանի եւ նրա ընտանիքի իշխանությունը երկարացնելու փորձը»:
Արմեն Աղայանը նշեց, որ ցանկացած ընտրությունից առաջ մի ընդդիմադիր ձեւաչափ ասպարեզում ամենաազդեցիկն է լինում. «Մեր առաջարկությունն է, որ ժողովուրդը նախապես ընտրի այն ուժին, որը նախընտրական եւ հետընտրական զարգացումների ժամանակ կհամակարգի եւ կառաջնորդի պայքարը: Մեր առաջարկությունը վերաբերվում էր այդ ընտրությունը կազմակերպելու սկզբունքներին»:
«Հայազն»-ը հույս ունի այս տարվա ընթացքում կազմակերպել ազգային հեղափոխության քաղաքական խորհրդի ընտրություններ եւ կազմել պատգամավորության թեկնածուների միասնական ցուցակը, որը, մասնակցելով խորհրդարանական ընտրություններին, կստանա ժողովրդի աջակցությունը:
Կարդացեք նաև
Հարցին, թե այսպիսով «Հայազն»-ը պատրաստվում է 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների՞ն, Արմեն Աղայանը պատասխանեց, որ հարցն իրենց նախապատրաստվելը չէ. «Մենք առանց այդ էլ կարող էինք խորհրդարանական ընտրություններին ինչ-որ ձեւով մասնակցել եւ ձայներ ստանալ: Խնդիրն այստեղ համաժողովրդական հակազդեցությունն է իշխող ճամբարում տեղի ունեցող գործընթացների դեմ»:
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ