«Գոռ Ստեփանյանին նոր մեղադրանք է առաջադրվել, այս անգամ, իբր, 1875 կեղծ ուղեգրերով 73 միլիոն 670 հազար դրամի վառելիք հափշտակելու համար: Պաշտպանության կողմի համոզմամբ՝ կողմը որեւէ փաստական հիմք չունի: Այս կերպ նախաքննական մարմինը լուծում է ընդամենը Գոռ Ստեփանյանին կալանքի տակ պահելու իր անհասկանալի ձգտումը»,- այս մասին «Նոյան տապան»-ում հայտարարեց Գոռ Ստեփանյանի փաստաբան Գագիկ Խաչիկյանը (լուսանկարում):
Հիշեցնենք, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ից շուրջ 73 մլն դրամի վառելիքի հափշտակության վերաբերյալ քրեական գործ է հարուցվել:
Փաստաբանը նշեց, որ գործարանում հաճախ չպլանավորված իրավիճակներ են ստեղծել, որոնց արագ արձագանքելու եւ խնդիրները լուծելու համար 2 անսարք ավտոմեքենաների վրա կազմվել են կեղծ ուղեգրեր, «որոնցով դուրս է գրվել 3.850.000 դրամի վառելիք: Դա կազմում է մոտ 9 տոննա: Քննության ընթացքում Գոռ Ստեփանյանը, ընդունելով 2 անսարք ավտոմեքենաների վրա կեղծ ուղեգրեր ձեւակերպելու հանգամանքը, իր ցուցմունքներում մի շարք փաստեր է նշել, թե ինչ նպատակով է օգտագործվել վառելիքը: Անառարկելի է, որ նման պայմաններում նախաքննություն իրականացնող մարմինը պարտավոր էր ստուգել մեղադրյալի կողմից հիշատակված պատճառաբանություններն, ինչը 9 ամիս տեւած նախաքննության ընթացքում չի եղել»:
Խոսելով իր պաշտպանյալի նկատմամբ առաջադրված մեղադրանքի փոփոխության մասին, Գագիկ Խաչիկյանն ասաց, որ տնտեսական հանցագործությունների քննության հետ քիչ թե շատ առնչվող յուրաքանչյուր անձ կվկայի, որ հափշտակության հիմնական ապացույցը դատահաշվապահական փորձաքննության եզրակացությունն է. «Նման փորձաքննություն նշանակվել է անցած տարվա սեպտեմբերին, սակայն եզրակացություն դեռեւս չկա: Ավելին՝ չի ստացվել նաեւ նույն ժամանակահատվածում նշանակված փաստաթղթաբանական եւ ձեռագրաբանական փորձաքննության եզրակացությունը»:
Կարդացեք նաև
Նա նաեւ ասաց, որ հափշտակված վառելիքի քանակը գործարանի մեկ ամիս 3 օրվա աշխատանքի համար է նախատեսված: Իսկ իր պաշտպանյալն ընդամենը 4 ամիս է աշխատել գործարանում: Ըստ նրա՝ ստացվում է, որ գործարանը մեկ ամիս 3 օր չի կարողացել աշխատել:
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ