Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բողոքի ցույց՝ ընդդեմ Մհեր Սեդրակյանի. Ցուցարարներն այս անգամ լրագրողներ են

Փետրվար 23,2016 14:04

Տարբեր լրատվամիջոցների լրագրողներ այս պահին ԱԺ շենքի դիմաց հավաքվել են մի պահանջով՝ դատապարտել ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանին՝ ԱԺ-ում հայհոյելու, լրագրողներին նախիր եւ այլ տիպի վիրավորական արտահայտություններ անելու համար:Այս պահին լրագրողներին են միանում ԲՀԿ-ականներ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ եւ հ/կ-ների ներկայացուցիչներ:

Պատգամավորի կողմից լրագրողների հասցեին ուղղված «նախիր» պիտակավորումը լսած լրագրող Փայլակ Ֆահրադյանը պատմեց, որ իրականում այդ հատվածը հնարավոր չէր ձայնագրել, որովհետեւ բոլոր լրագրողներն այդ պահին զբաղված էին մեկ այլ պատգամավորից հարցազրույց վերցնելով. «Ես կանգնած էի ու լսել էի, այնպես չէ, որ դա հարցազրույց էր, որի ժամանակ ասել է, անցնելիս ու տեսնելով լրագրողների հոսքը՝ ասել է: Լսվել է հստակ, ու ես եմ լսել անձամբ, ես բարձրաձայնել եմ, որովհետեւ թույլ չեմ տա, որ իմ ներկայությամբ՝ լինի նախարար, թե պատգամավոր, լրագրողի կամ այլ քաղաքացու նկատմամբ վիրավորական արտահայտություններ թույլ տա:

Մեղադրանքներին ի պատասխան, թե լրագրողներն են մեղավոր, որ նման պատգամավորներին հարց են ուղղում, Փայլակ Ֆահրադյանն ասաց. «Այս դեպքում լրագրողների խնդիրը չէ, այլ այն մարդկանց , որոնք Մհեր Սեդրակյանին պատգամավոր են դարձրել, խիստ կասկածում եմ, որ Մհեր Սեդրակյանն ընտրված պատգամավոր է: Այստեղ պատասխանատվության մեծ բաժինը կրում է ՀՀԿ-ն, որի թիմի անդամ է Մհեր Սեդրակյանը: Եթե չեն կարող բերել այնպիսի պատգամավորների, որոնք կարող են նորմալ շփվել լրագրողների հետ, ուրեմն պետք է տեղ չգտնեն ԱԺ-ում: Մհեր Սեդրակյանը ստանում է մեր հարկերից գոյացող աշխատավարձ, ի՞նչ է նշանակում նրան հարց չուղղել, նրան բոյկոտել, այդ դեպքում ինչու է նա լիազորված բոլորիս համար որոշում կայացնել, ինքն այստեղ կոճակ է սեղմում, օրենք է ընդունում, եթե չենք կարող նրանից կարծիք հարցնել՝ ինչու այս օրենքն ընդունվեց, ուրեմն նա պետք է զրկված լինի ցանկացած որոշում ընդունելու իրավունքից»:

Համարժե՞ք էր պատգամավորների արձագանքը միջադեպին, ըստ Փայլակ Ֆահրադյանի. «ՀՀԿ-ից չէինք էլ սպասում, որ որեւէ կերպ կարձագանքեն: Հերմինե Նաղդալյանն ասում է՝ մենք եւս դատապարտում ենք, պարզապես խոսք, որը հնչեցնում է, բայց ոչինչ է: Սա նշանակում է՝ Հերմինե Նաղդալյանը վաղը եւս ականատես կլինի՝ ինչպես է իր խմբակցության պատգամավորը վիրավորում լրագրողներին, ու ինքը նորից նույն դեկլարատիվ բնույթի հայտարարությունը կանի: Պետք է հասնել նրան, որ նման դեպքերն այլեւս չկրկնվեն, պետք է պատժել, իսկ պատժիչ միջոցները միայն էթիկայի հանձնաժողովը չպետք է լինի»:

Լրագրողն ասաց, որ հարցազրույցներից մեկի ժամանակ Մհեր Սեդրակյանն ասել էր, որ ԱԺ-ում շրջում են սոցիալապես անապահով լրագրողներ, որոնք ֆինանսական խնդիրներ են փորձում լուծել. «Պահանջում ենք, որ պատգամավորը հրապարակի այդ լրագրողների անունները, հակառակ դեպքում կդիմենք դատարան՝ զրպարտության համար»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29