Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատ Արշակյան. «Իշխանությունը կանխում է որեւէ փոփոխություն»

Փետրվար 23,2016 13:38

«Հայաստանի Հանրապետությանը անհրաժեշտ են մեծ փոփոխություններ»,- փետրվարի 23-ին «Փաստարկ» մամուլի ակումբում հայտարարեց Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը:

Սակայն, ըստ նրա, այն փոփոխությունները, որոնք այժմ կատարվում են՝ սահմանադրական փոփոխությունները, դրանից ածանցյալ ընտրական օրենսգրքի փոփոխությունը, պայմանավորված են նրանով, որ իշխանությունը կանխում է որեւէ փոփոխություն. «Այսինքն՝ օրենքի փոփոխություններ պետք է կատարվեն, որոնք թույլ չեն տալու, որ Հայաստանի Հանրապետությունում այլ փոփոխություններ տեղի ունենան: Ես կարծում եմ՝ եթե մենք ունենք օրակարգ ընտրական օրենսգրքի փոփոխության վերաբերյալ, դա օրակարգային չէ, դա ընդհանրապես կարելի էր չանել, եթե նպատակը փոփոխություններ չանելն է, կոնսերվացիան է՝ պահպանել այն, ինչ որ այսօր կա: Դրա համար պետք չէ օրենքը փոփոխել, պարզապես կարելի է 2017 թվականի ամռանը մի օր հայտարարել, որ ամեն ինչ մնում է նույնը: Ցավոք սրտի, ես չեմ հավատում, ես չեմ տեսնում դա, որ իշխանություն կրող պաշտոնյաները մտադիր են Հայաստանում փոփոխություններ կատարել: Այսինքն՝ ի՞նչ փոփոխությունների մասին է խոսքը, օրինակ՝ կասեցնել արտագաղթը, ապահովել տնտեսական զարգացում օրենքներով, մեր հարաբերությունները ճշտել մեր դաշնակիցների հետ»:

Ազատ Արշակյանը համարում է, որ ընտրական օրենսգրքի մասին քննարկումը, որեւէ կապ չունի այսօրվա մարտահրավերների հետ: Սակայն, ըստ նրա, ընտրական օրենսգրքի քննարկման դեպքում՝ դրան զուգահեռ պետք է նաեւ քննարկվի «Կուսակցությունների մասին» օրենքը. ««Կուսակցությունների մասին» օրենքում կան լուրջ թերություններ: Որ չի քաղաքականանում Հայաստանում քաղաքական կյանքը, բխում է նաեւ «Կուսակցությունների մասին» օրենքի թերությունից: Եթե դա քննարկվեր զուգահեռ, ես ավելի օպտիմիստ կլինեի: Դրանով անպայման պետք է միավորվեն եւ քաղաքական, գաղափարական, տնտեսական, սոցիալական ծրագրերի շուրջը այն կուսակցությունները, որոնց ծրագրերը համընկնում են, փոխզիջումներով նրանք պետք է միավորվեն, եւ Հայաստանում քաղաքականանա քաղաքական պայքարը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29