Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գործ ունենք ազգային խայտառակության հետ. «Հայոց աշխարհ»

Փետրվար 23,2016 12:41

Հայաստանյան լրահոսի մեջ մի տեսակ տարրալուծվեց-կորավ, տեղեկատվությունից անդին թեման անդրադարձ չունեցավ ո՛չ մամուլում, ոչ էլ նույնիսկ երկրորդական թեմաներից թշշացող ֆեյսբուքում: Քաղաքացիական հասարակության, հայ հանրության ձայնը՝ ընդհանրական վերաբերմունքը, պարսավանքն ու դատապարտումը՝ ստամբուլահայ տարեց ամուսինների հանդեպ հայաստանցի հայերի զարհուրելի արարքի համար լսելի չեղավ:

Իհարկե, օտարազգիներ էլ կային այդ տականքների մեջ, բայց այն, որ թշնամի պետության մեջ հայը հայի հանդեպ նման քստմնելի հանցանք է գործում, հայը հայի է սպանում, արդեն գործ ունենք ազգային խայտառակության հետ։

Իհարկե, մենք կարող ենք այս դեպքում էլ իբրեւ փրկօղակ հիշել ժողովրդական խոսքը՝ «գյուղ չկա, որ շուն չլինի», կամ՝ Դերենիկ Դեմիրճյանի դասական պատմվածքի տողերում առկա բացասական որակումները՝ հայը վաշխառու է, գծուծ, ոխակալ, նախանձոտ, անարգ, գաղթական, ծույլ, մուրացկան, անիշխան եւ այլն, իսկ վերջում որպես կնիք դաջենք, թե՝ ամեն հայ մի հայ ունի, որի հետ թշնամի է մինչեւ մահ։

Բայց անգամ ամենավատ բնորոշումները չեն ազատում մեզ կատարվածը հանրային, համազգային մակարդակում դատապարտելու անհրաժեշտությունից: Այդ անհրաժեշտության գիտակցումից։

Իսկ հայաստանյան մամուլում ընդամենը կարդում ենք՝ «Ստամբուլում տարեց հայ ամուսինների վրա հարձակման գործով ձերբակալվածների մեջ կան ՀՀ եւ Վրաստանի քաղաքացիներ։ Արտաքին գործերի նախարարությունը հետեւում է իրավիճակի զարգացմանը: 85-ամյա Հակոբ Դեմիրջիի սպանության մեջ մասնակցություն ունենալու մեղադրանքով Թուրքիայի Տրապիզոն քաղաքում ձերբակալվել է 8 հոգի: Ըստ աղբյուրի` ձերբակալվածները Հայաստանի ու Վրաստանի քաղաքացիներ են»: Այսքանը…

Ժողովրդական մի իմաստություն էլ ունենք հայերս՝ «օձը տաքացնողին է կծում»: Հանցանքի հեղինակ կանանցից մեկը ստամբուլահայ ամուսինների տանն աշխատելիս է եղել, նրանց հացը կերել եւ խնդրեմ՝ օրեր ու ամիսներ մտմտացել է իր նենգամիտ ոճիրը: Երբ մենք՝ հայերս, շատ սովորական ու հանգիստ ենք ընդունում հայը հային սպանելու փաստը, խիստ ու հրապարակավ չենք դատապարտում հայ հանցագործներին, ազգովի դառնում ենք մատի փաթաթան, թշնամի երկրի համար ամեն առիթով մեծագույն հաճույքով բերվող օրինակ…

Անահիտ ԵՍԱՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29