Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչատուր Քոքոբելյան. «Նման համախմբումների անհրաժեշտություն չկա». «Հայոց աշխարհ»

Փետրվար 23,2016 12:23

Հարցազրույց ԱԺ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ ԽԱՉԱՏՈՒՐ ՔՈՔՈԲԵԼՅԱՆԻ հետ

-Ընդունո՞ւմ եք Հրանտ Բագրատյանի համախմբման կոչը. բոլորին հրավիրեց կոալիցիա ստեղծել, տվեց կուսակցությունների անուններ, ի դեպ, հրավիրյալների շարքում նաեւ դուք եք, որոնց գաղափարական համախմբումը անգամ դժվար է պատկերացնելը:

-Հրանտ Բագրատյանն իր ցուցակը սկսեց հենց մեզանից` «Ազատ դեմոկրատներից»: Բագրատյանը ստեղծագործ միտք ունեցող մարդ է, համախմբման կողմնակից է, ինչը շատ լավ է: Բայց ցավում եմ, որ իրողությունն այլ է, ու սա ասում եմ ոչ թե Բագրատյանին հակադրվելու համար, պարզապես ուզում եմ փաստել` միշտ չէ, որ ստացվում է համախմբել այնպիսի ուժերի, որոնք ունեն տարբեր մոտեցումներ: Նման համախմբումների անհրաժեշտություն չկա:

Բայց այստեղ շատ կարեւոր է, թե տվյալ համախմբումն ի՞նչ խնդիր է լուծելու: Օրինակ, ՀՅԴ-ն ու «Ազատ դեմոկրատները» ունեն տարբեր գաղափարներ, մանավանդ արտաքին քաղաքական հարցերում, բայց արդարադատության խնդիրներում մենք կարող ենք ընդհանուր մոտեցումներ ունենալ:

Անձամբ ես եւ «Ազատ դեմոկրատները» կողմնակից ենք ու երբեւէ դեմ չենք եղել համախմբման: Բայց դա համարում ենք իրական ու արժեքավոր, եթե այն հիմնված լինի գաղափարականության վրա: Քանի որ միայն այդ դեպքում հնարավոր է նոր քաղաքական օրակարգ ձեւավորել:

Համախմբում բառը լավ է հնչում, բայց արհեստական համախմբումը ունենում է հակառակ` վատ արդյունքը: Քաղաքական ուժերի համախմբումը կլինի արդարացված ու արժեքավոր այն դեպքում, եթե համախմբի հասարակության լայն շերտերի, այսինքն՝ տեղի ունենա նաեւ հասարակական կոնսոլիդացիա, միայն այդ դեպքում բոլոր հարցերը կլուծվեն:

 -Լինելով համախմբման կողմնակից՝ դուք նաեւ հայտարարեցիք, որ «Ազատ դեմոկրատները» 2017-ին կմասնակցի առանձին ցուցակով: Քաղաքական ուժի համար ընտրություններին միայնակ մասնակցելը նաեւ համարձակություն է, քանի որ ենթադրում է ունենալ լուրջ ռեսուրսներ` ֆինանսական, մարդկային, քաղաքական, նաեւ վստահության:

-Ես ասել եմ` դեմ չեմ համախմբմանը, բայց «Ազատ դեմոկրատները», այո, նաեւ հստակ խնդիր է դրել` մենք գնում ենք ընտրությունների միայնակ:

Իսկ ռեսուրսներ, իհարկե, ունենք: Խոսքը ոչ միայն ֆինանսականի, այլեւ, ինչպես ասացիք` քաղաքական, մարդկային ռեսուրսի մասին է: Մենք կհամախմբենք մեր շուրջը այն անհատներին, իսկ այդպիսիք կան, որոնք կուսակցական չեն, բայց ոչ պակաս կարեւոր դերակատարում ունեն ազատական դաշտում, ընդհանրապես քաղաքական, նաեւ հանրային դաշտում: Ու ես վստահ եմ, որ մեզ կհաջողվի հասնել նրան, որ ազատականները իրենց արժանի տեղը ունենան քաղաքական դաշտում, ու կկարողանանք մեր քաղաքացիներին հասկանալի դարձնել ազատական գաղափարները, ինչը, ցավոք, առ այսօր չի արվել:

Դրա պատճառները կան, մեկն էլ այն է, որ եղել են ազատական անունը կրող մարդիկ, որոնք, սակայն, որեւէ իրական առնչություն չեն ունեցել ազատականության հետ:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29