Փետրվարի 11-ին, ժամը 22-ի սահմաններում Դիլիջանում ինքնաձիգի կրակոցից վիրավորվել, «աջ ստորին վերջույթի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ Դիլիջանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Դիլիջան քաղաքի բնակիչ, 27-ամյա Սերգեյ Միքայելյանը: Վերջինս ոստիկաններին ասել է, թե չի տեսել, թե ով է իր վրա կրակել:
Այդ դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով («Սպանության փորձը») և 235 հոդվածի 1-ին մասով («Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը,պահելը, փոխադրելը կամ կրելը»):
Քրեական գործի քննությունը կատարում է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժինը: Ս.Միքայելյանը ինքնաձիգի գնդակից վիրավորվել է, երբ գտնվել է ավտոմեքենայի մեջ: Ինքնաձիգի գնդակը ծակել-անցել է ավտոմեքենայի դուռը եւ խոցել Սերգելի ոտքը: Նա ի պատասխան իր մոտ գտնվող ինքնաձիգից օդ է կրակել, որպեսզի կրակողը զգուշանա ու դադարեցնի իր վրա կրակը:
Իրավապահներից տեղեկացանք, որ Սերգեյ Միքայելյանի դեմ կատարած մահափորձի կապակցությամբ որպես մեղադրյալ ներգրավվել է Դիլիջանի զինվորական կոմիսար, փոխգնդապետ Հովհաննես Հակոբյանի որդին՝ 26-ամյա Դավիթ Հակոբյանը: Վերջինիս գտնվում է փախուստի մեջ:
Կարդացեք նաև
Հավելենք, որ փոխգնդապետ Հովհաննես Հակոբյանի մյուս որդին՝ ավագ լեյտենանտ, 1990թ. ծնված Մհեր Հակոբյանը 2014թ. սեպտեմբերի 14-ի առավոտյան Լեռնային Ղարաբաղի մարտական հենակետերից մեկում զոհվել է ադրբեջանական զինուժի արձակած կրակոցից:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ