Փետրվարի 23-ին նախատեսված է Ադրբեջանի նախագահի այցը Իրան: Ըստ Haqqin.az-ի՝ Իլհամ Ալիեւը մեծ պատվիրակությամբ է ժամանելու Իրան: Նախատեսվում է մի շարք համաձայնագրերի ստորագրում:
«Ադրբեջանի նախագայի այցը յուրահատուկ բան չի ենթադրում»,-կարծում է իրանագետ Գոհար Իսկանդարյանը: «Իրանի միջուկային ծրագրի չեղարկումից հետո դեպի Իրան այցելությունների պակաս չի զգացվում, անգամ Չինաստանի հանրապետության նախագահն է այցելել: Պարզապես Իրանը բացել է դռները եւ բոլոր նրանք, ովքեր բիզնես-նախագծեր ունեն, թակում են Իրանի դուռը»,-«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում այսօր ասաց նա:
Գոհար Իսկանդարյանի խոսքով՝ Ալիեւն առաջնահերթ ցանկանում է Իրանի հետ առեւտրաշրջանառության ոլորտում պայմանավորվածություն ձեռք բերել. «Քանի որ Հայաստանն Իրանի համար դիտարկվում է որպես էներգիայի փոխանակման տարանցիկ երկիր, Ադրբեջանը կփորձի առավելություն ունենալ այդ հարցում: Իրանին անհրաժեշտ է էներգիան արտահանելու այլընտրանքային ճանապարհ: Ինչպես գիտեք, Իրանի էներգակիրները Եվրոպա են հասնում Թուրքիայի տարածքով, սակայն Թուրքիայի հետ հարաբերությունները բարդ են, բացի այդ, քրդական գործոնը կա: Իրանն այդ նպատակով Հայաստանի տարածքն է դիտարկում, սակայն ֆինանսների հարցն է առաջ գալիս: Ադրբեջանը, բնականաբար, իր տարածքն է առաջարկելու, բայց Իրանը ցանկություն ունի Հայաստանի տարածքով անցկացնել: Ադրբեջանը մեծապես Թուրքիայի որոշումներն է իրականացնում, եթե Իրան-Թուրքիա հարաբերությունները լարվեն, Ադրբեջանը պաշտպանելու է Թուրքիայի շահերը»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ