Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բաց նամակ Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանին՝ Շնող գետի աղտոտումը ստուգելու և Թեղուտի հանքավայրում ստուգումներ անցկացնելու կապակցությամբ

Փետրվար 23,2016 12:02

«Համահայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունը սույն թվական փետրվարի 8-ին հրապարակեց Թեղուտում կատարված նկարահանումներ և լուսանկարներ, որոնք վկայում են, որ Թեղուտի հանքավայրը շահագործող ընկերությունը կոպտորեն խախտել է բնապահպանական օրենսդրության նորմերը, ինչի հետևանքով հանքարդյունաբերական թափոնները հարակից գետ են թափվում: Ավելի ուշ՝ փետրվարի 18-ին Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց Շնող գետի լուսանկարներ, որոնք կրկին վկայում են գետի՝ թափոններով աղտոտվածության մասին։

Նկարահանված տեսանյութը լայնորեն լուսաբանվել է էլեկտրոնային մամուլում, հատուկ հղում է կատարվել նաև Բնապահպանության նախարարությանը։

Մեզ հայտնի է, որ ՀՀ կառավարության 2015թ. հուլիսի 30-ին ընդունված համ. 839-Ա և 2016թ. հունվարի 14-ին ընդունված համ. 43-Ա որոշումներով անհասկանալիորեն կասեցվել են ընդերքօգտագործման մի շարք օբյեկտներում, այդ թվում՝ Թեղուտի հանքավայրում բնապահպանական ստուգումներ անցկացնելու գործընթացները:

Այնուհանդերձ, ինչպես նշված է ՀՀ կառավարության ընդունած որոշումներում, ստուգումների կասեցման իրավական հիմքը «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքն է: Միևնույն ժամանակ, «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի համաձայն, Ձեր և Ձեր կողմից ղեկավարվող գերատեսչության անմիջական պարտականությունն է նախաձեռնել բնապահպանական տեսչական ստուգումներ, եթե առկա են նշված հոդվածով ամրագրված առանձնահատուկ դեպքերից որևէ մեկը, մասնավորապես՝ շրջակա միջավայրին վտանգ սպառնացող արտակարգ և վթարային իրավիճակները. քաղաքացիների և կազմակերպությունների դիմում-բողոքներն ու հաղորդումները. Վերը նշված տեսանյութը վկայում է, որ առկա են «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի շրջանակներում ստուգումներ իրականացնելու իրավական հիմքերը:

Ակնհայտ է, որ ՀՀ կառավարության կողմից ընդունված համ. 839-Ա և համ. 43-Ա որոշումներում ներկայացված իրավական հիմքերը ՀՀ բնապահպանության նախարարությանը չեն կաշկանդում  «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածով սահմանված իրավական հիմքերով ստուգումներ իրականացնել: Ուստի խնդրում ենք օրենքով սահմանված՝ քաղաքացիների և կազմակերպությունների դիմում-բողոքներն ու հաղորդումները հիմք ընդունելով՝ Թեղուտի հանքավայրում, ինչպես նաև հարակից տարածքում և ջրային աղբյուրներում իրականացնել ստուգումներ և հրապարակել ստուգումների արդյունքները, քանի որ այդ հանքավայրի շահագործման ընթացքում առնվազն Շնող և Թեղուտ համայնքների համար առաջացել է շրջակա միջավայրին վտանգ սպառնացող արտակարգ և վթարային իրավիճակ:

 

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29