2016 թ. փետրվարի 22-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ Ա. Ավագյանի, հրապարակվեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակը՝ ընդդեմ ՀՀ Ֆինանսների նախարարության՝ տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջով ներկայացված հայցի վերաբերյալ դատարանի վճիռը:
Դատարանը, քննության առնելով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի կողմից ներկայացված հայցը, վճռեց մերժել այն: Հիշեցնենք, որ Կազմակերպությունը տեղեկատվության հարցմամբ դիմել էր ՀՀ ֆինանսների նախարարություն՝ պահանջելով տեղեկատվություն տրամադրել կազմակերպություն դիմած անձի կողմից տրանսպորտային միջոցի մաքսազերծման գումարի հաշվարկման կարգի, դա կարգավորող իրավական ակտի, հաշվարկված գումարի մեջ ընդգրկված հարկատեսակների վերաբերյալ: Սույն հարցմամբ պահանջվել էր տրամադրել տեղեկատվական բազայի կրկնօրինակը: Տեղեկատվություն տնօրինող ՀՀ Ֆինանսների նախարարությունը պատասխան գրությամբ տրամադրել էր ոչ ամբողջական տեղեկատվություն, մասնավորապես, հայտնվել էր, որ ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ավտոմեքենաների մաքսային մարմնի բազայում առկա արժեքների ցանկն ամփոփ տարբերակով հրապարակվում և ներկայացվում է ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատանը՝ դրա համար հատուկ հատկացված վայրում:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ