Լրահոս
Օրվա լրահոսը

«Չորսից հինգ հարված եմ հիշում դեմքիս, բայց ոչ մի անգամ չեմ հասցրել տեսնել հարվածող ոստիկանի դեմքը». Ակտիվիստ

Փետրվար 22,2016 23:22

Գեւորգ Սաֆարյանն այն մարդն է, որը բարձրախոսը ձեռքին փողոցներում բազմաթիվ անգամներ հայտարարել է, որ Հայաստանում հարցերը լուծվում են փողոցում, դուրս եկեք փողոց: Այսօր ի պաշտպանություն անազատության մեջ գտնվող ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի ակցիայի ժամանակ հիշում էր «Նոր Հայաստան» ճակատի անդամ Գագիկ Եղիազարյանը:

«Քրեական ռեժիմը, որը Հայաստանում յուրացրել է ժողովրդի իշխանությունը, անհիմն մեղադրանքով ձերբակալեց Գեւորգին, իբր հարվածել է ոստիկանին, իշխանության ներկայացուցիչը վնասվել է: Բայց կան բազմաթիվ տեսանյութեր, թե ինչպես են ոստիկանները, նույն Գեղամ Խաչատրյանը, որը բողոք է ներկայացրել, թե իբր Գեւորգն իրեն հարվածել է, բռնություններ կիրառում ոչ միայն Գեւորգի, այլեւ ակցիայի բոլոր մասնակիցների նկատմամբ:

Հայաստանում դեռ չկա որեւէ հիշարժան դեպք, երբ ոստիկանին, իշխանության ներկայացուցչին պատժեն ՀՀ քաղաքացուն բռնության ենթարկելու, նրա իրավունքները ոտնհարելու համար: Նույնիսկ Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի նկատմամբ կա մեղադրանք ընդդիմադիր գործչի նկատմամբ բռնություններ կատարելու գործով, բայց կրկին ոչ մի պատասխանատվություն»,- դժգոհեց Գագիկ Եղիազարյանը:

Հիշեցնենք, որ Գեւորգ Սաֆարյանը ձերբակալվել է Ազատության հրապարակում հունվարի մեկին «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջեւ բախումների ժամանակ: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր ենթարկել, այդ թվում՝ Գեւորգ Սաֆարյանը: Գեւորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մասով:

Ըստ մեղադրանքի` Գեւորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ:

Ամանորի գիշերվանից հետո Գագիկ Եղիազարյանը նույնպես ՀՔԾ հաղորդում էր տվել ոստիկանների կողմից բռնությունների ենթարկվելու վերաբերյալ: Ըստ նրա, մինչեւ այսօր ոչ մի նորություն. «Այդ գործով զարգացումներ չկան, ամեն անգամ պատասխանում են, որ քննությունն ընթացքի մեջ է, ես արդեն կանչվել եմ հարցաքննության մյուս քրեական գործով, երբ Գեղամ Խաչատրյանն է բողոք ներկայացրել Գեւորգի դեմ, որ իրեն հարվածել է:

Բայց, երբ մենք ենք բողոք բարձրացրել, որ ոստիկանները մեր նկատմամբ բռնություններ են կիրառել, ոչ մի գործողություն: Այնպես չէ, որ ինչ-որ մի տեղ բռնել ու ծեծել են ինձ, միջադեպի ժամանակ տարբեր պահերի, երբ ոստիկանները համարում էին, որ հարմար ժամանակ է, մի հատ հարված էին հասցնում այն պահին, երբ իրենց չէի նայում: Չորսից հինգ հարված եմ հիշում դեմքիս, բայց ոչ մի անգամ չեմ հասցրել տեսնել հարվածող ոստիկանի դեմքը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29