Ոստիկաններն այսօր միջամտել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի առջեւ «Նոր Հայաստան» ճակատի ներկայացուցիչների բողոքի ակցիային՝ պահանջելով չաղմկել:
Ի պաշտպանություն անազատության մեջ գտնվող քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի՝ անցկացվող ակցիայի ժամանակ ակտիվիստները բարձրախոսով սկսեցին վանկարկել` «Գեւ-որգ», ինչից հետո ոստիկանները փորձեցին վերցնել բարձրախոսը:
«Ասացիք այս տարածքից դուրս եկեք, դուրս եկանք, հիմա ի՞նչ եք ուզում»,- ոստիկաններին հարցրեց ցուցարարը: Իսկ մեկ այլ ցուցարար դժգոհեց, որ ինչքան փորձում են ոստիկանների ասածները կատարել, այնքան շատ են իրենց նկատմամբ ոտնձգություններ արվում:
Հետո ցուցարարները սկսեցին վանկարկել` «Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»:
Կարդացեք նաև
«Մի՛ աղմկեք հիմնարկի մոտ»,- ոստիկաններից մեկը ընդհատեց վանկարկումները: «Դուք Սերժ Սարգսյանի կամակատարներն եք, բանդա եք»,- ասաց ակցիայի մասնակիցներից Գագիկ Եղիազարյանը:
Մեկ այլ ցուցարար էլ դժգոհեց. «Մենք խանգարում ենք այս իշխանություններին, ասում են՝ դուրս եկեք, խաղաղ ակցիա ենք անում, ասում եք՝ գնացեք»:
Գագիկ Եղիազարյանն էլ շարունակեց՝ դիմելով քրեակատարողական հիմնարկի ներկայացուցչին. «Այդ դուք եք խոչընդոտում մեր խաղաղ ակցիայի բնականոն ընթացքը: Ձեր քրեակատարողական հիմնարկի ներկայացուցիչները բռնաճնշումներ են իրականացրել մեր ընկերների նկատմամբ: Այստեղ քաղաքական ակցիա ենք իրականացնում, ու դուք խոչընդոտում եք»:
«Նոր Հայաստան» ճակատի անդամներն այսօր քրեակատարողական հիմնարկի առջեւ մեկ օրյա նստացույց են անցկացնելու, իրենց հետ բերել էին դրոշներ, ջուր ու գիշերելու համար պարագաներ: Գագիկ Եղիազարյանի խոսքով` գիշերը կանցկացնեն խարույկի շուրջ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ