Երբ այսօր Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները «սա մեր տարածքն է» պատճառաբանությամբ արգելում էին «Նոր Հայաստան» ճակատի անդամներին անցկացնել իրենց ակցիան, ցուցարար կանանցից մեկը մատնանշեց հիմնարկի տարածքի աղբը ու դիտողություն արեց:
«Ձեր տարա՞ծքն է, դե մաքրեք ձեր տարածքը, թե՞ Հայաստանը միայն տարածքները զավթելով է, ոչ թե մաքուր պահելով: Ճիշտ է, մենք մեծ տարածք ունենք, բայց ամբողջ տարածքը աղբ է՝ սկսած մարդկանցից, Ազգային ժողովից մինչեւ Բաղրամյան 26: Մաքրել է պետք, լավ մաքրել է պետք այս տարածքի հետ միասին»,- ասաց ցուցարար կինը:
Դիմելով քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներին՝ նա շարունակեց իր հարցադրումները. «Միայն անունո՞վ է ձեր տարածքը, միայն անունո՞վ է հայրենիք, Հայաստան, հայրենասիրության մասին ենք խոսում, իսկ ո՞ւր է այդ հայրենասիրությունը… ազնիվ երիտասարդներին բերում եք, խցկում եք բերդերը, վաղը հայրենիքը պաշտպանելու համար զինվոր չեք ունենալու: Վաղը օլիգարխի լակոտները չեն գնալու, սահման պահեն, մեր տղերքն են սահման պահելու, որ բերում եք էստեղ ու պահում եք»:
Հիշեցնենք, որ այսօր ի պաշտպանություն անազատության մեջ գտնվող քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի, «Նոր Հայաստան» ճակատի անդամները բողոքի ակցիա ու մեկ օրյա նստացույց են սկսել Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի առջեւ:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Գեւորգ Սաֆարյանը ձերբակալվել է Ազատության հրապարակում հունվարի մեկին «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջեւ բախումների ժամանակ:
Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր ենթարկել, այդ թվում՝ Գեւորգ Սաֆարյանը: Գեւորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մասով: Ըստ մեղադրանքի` Գեւորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ:
Մանրամասներն ավելի ուշ` տեսանյութում
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ