Լրահոս
Օրվա լրահոսը

Մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներկված խոզի մսի, սառեցրած հավի գործով ամբաստանյալներին նորից ԱԱԾ են հրավիրում

Փետրվար 22,2016 21:50

Ինչպես տեղեկացրել ենք, Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում 11 անձանց նկատմամբ դեռեւս 2014 թվականին հարուցվել էր քրեական գործ՝ Վրաստանից բեռնատարներով Շիրակի մարզի «Բավրա» մաքսակետով մաքսանենգ ճանապարհով Հայաստան խոշոր չափի ապրանքներ՝ խոզի միս, սառեցրած հավ, սառեցրած ձուկ, մեքենայի յուղ, կահույք, անվադողեր տեղափոխելու փաստով: Ամբաստանյալների փաստաբանները, իրենց պաշտպանյալների նկատմամբ առաջադրված մեղադրանքը համարելով զավեշտալի, նախորդ շաբաթ բաց նամակ էին հղել Aravot.am-ի խմբագրություն՝ մասնավորապես նշելով.

«Հենց սկզբից մեղադրանքի հիմքում դրվեց խմբակային մաքսանենգություն՝ Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 215 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Շուրջ մեկ տարի ԱԱԾ-ի քննչական մեկուսարանում պահելուց հետո, չկարողանալով հիմնավորել մեղադրանքը, վերջին պահին ստիպված եղան հրաժարվել առաջադրված մեղադրանքից եւ առաջ քաշել նոր մեղադրանք՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 38-215-րդ հոդվածի 3-րդ մասի, 1-ին կետով (պաշտոնատար անձի կողմից, պաշտոնեական դիրքն օգտագործելով, մաքսանենգությանը օժանդակելը, որը պատժվում է 6-10 տարի ազատազրկմամբ): Այս մեղադրանքը ուղղակի զավեշտալի է. կալանքի տակ գտնվող 8 անձանցից 7-ը հասարակ քաղաքացիներ են, չեն զբաղեցնում ոչ մի պաշտոն եւ չունեն այդ հնարավորությունը, որպեսզի մաքսատան աշխատակցին որեւէ կերպ օժանդակեն: Սա այն դեպքում, երբ մաքսատան աշխատակիցները եւ այս անձինք միմյանց չեն ճանաչում»:

Այսօր Aravot.am-ն ահազանգ ստացավ ամբաստանյալների հարազատներից առ այն, որ նրանց նորից ԱԱԾ են տանում հարցաքննության: Վերջիններս դժգոհում էին, թե գործը առաջ տանելու, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված դատական նիստերը ամիսներ շարունակ չհետաձգելու, նորմալ ընթացքով անցկացնելու փոխարեն փակուղի են տանում՝ այն հետ ուղարկելով ԱԱԾ:

Aravot.am-ի հետ զրույցում փաստաբան Վահագն Մանուկյանը Արթիկ քրեակատարողական հիմնարկում գտնվող իր պաշտպանյալին՝ Ժորա Ասլանյանին, նորից ԱԱԾ հրավիրելու հետ կապված ասաց. «Ես այդ մասին լսել եմ իմ պաշտպանյալի՝ Ժորայի միջոցով, որեւէ պաշտոնական տեղեկություն Ազգային անվտանգությունից, քննչական մարմիններից, վարույթն իրականացնող մարմիններից դեռ չունենք: Այս պահի դրությամբ միայն կարող եմ ասել՝ այն ծավալով, ինչ մեղադրանք որ առաջադրվել է, եւ գործը գտնվում է դատարանում, անշարժ վիճակում է, քննություն չի իրականացվում, թե ի՞նչ քննություն, ինչո՞ւ պետք է ամբաստանյալները տեղափոխվեն, վարույթն իրականացնող մարմինները պարտավոր են գրավոր տեղեկացնել նաեւ պաշտպանական կողմին, նաեւ դատարանին կատարվածի մասին, թե ի՞նչ խնդիրներ կան, ի՞նչ հանգամանքներ պետք է պարզեն: Բայց այս պահի դրությամբ պաշտոնապես Ազգային անվտանգության վարույթն իրականացնող մարմնից որեւէ գրավոր փաստաթուղթ կամ իրազեկում չենք ստացել»:

Փաստաբանն ասաց, որ այս պահի դրությամբ ինքը կարող է միայն փաստել, որ գործն անշարժ վիճակում դատարանում է գտնվում, ամիսներ շարունակ քննություն չի կատարվում, վկաների ներկայությունը դատարանը չի կարող ապահովել, իսկ ամբաստանյալները մեկը մյուսի հետեւից հիվանդանում են, քանի որ երրորդ տարին է՝ նրանք գտնվում են կալանքի տակ: «Դատական նիստերը տեղի չեն ունենում տարբեր պատճառաբանություններով, իբր կալանավորներին տեղափոխող մեքենա չկա, իբր վառելանյութ չկա, մեքենան չի կարող քշել, մանկամիտ պատճառաբանություններ են, որոնք, ըստ էության, որեւէ հիմք, որեւէ քննարկման առարկա, հարգելի պատճառ չեն կարող հանդիսանալ նիստերն ամիսներ շարունակ իրար հետեւից հետաձգելու համար: Ի՞նչ է նշանակում ավտոմեքենայի վառելանյութ չկա, չենք կարողացել կալանավորին բերենք, դա հասկանում եք, ծիծաղելի է», -ասաց Վահագն Մանուկյանը:

Փաստաբանը նաեւ հիշեցրեց, որ իր պաշտպանյալը չի ընդունում իր մեղքը, նա իր նախաքննական բոլոր ցուցմունքներում ու դատարանում հիմնավորել ու փաստարկել է, որ որեւէ առնչություն չունի մաքսանենգության օժանդակության հետ: «Ես որպես նրա շահերի պաշտպան՝ ընդունում եմ, որ առաջադրված մեղադրանքը անհիմն է ու ապօրինի: Թե կոնկրետ այս պարագայում Ազգային անվտանգության քննչական մարմինները ի՞նչ խնդիրներ ունեն, ի՞նչ կոնկրետ հիմքեր ունեն, ես այս պահի դրությամբ չեմ կարող ասել. որեւէ փաստաթուղթ իմ ձեռքի տակ չկա, իրազեկված չեմ, պաշտոնապես որեւէ բան իմանալուց հետո նոր կարող եմ այդ հարցի, այդ հանգամանքների շուրջ որեւէ մեկնաբանություն կատարել: Մեղադրյալին, կասկածյալին, որը ունի շահերի պաշտպան օրենքով սահմանված կարգով, պատշաճ կերպով ներգրավված է գործի քննությանը, առանց պաշտպանի ներկայության ոչ ոք իրավունք չունի հարցաքննել: Իր բոլոր, բոլոր գործողությունները առանց պաշտպանի բացակայության ապօրինի են ու չեն կարող ընդունվել որպես ապացույց, հիմք »,- ասաց փաստաբանը:

Վահագն Մանուկյանը նաեւ հիշեցրեց, որ իր պաշտպանյալը՝ Ժորա Ասլանյանը, գտնվելով ՌԴ-ում, տեղեկացել էր, որ հարուցվել է քրեական գործ, վերադարձել էր Հայաստան, սակայն առանց ծանուցագրի, պատշաճ ծանուցման անձին տարել էին ոստիկանություն վկայի կարգավիճակում, որտեղ եւ նա ձեռք էր բերել կասկածյալի կարգավիճակ: Ըստ փաստաբանի, հենց այդտեղից էլ բոլոր ապօրինությունները սկսվել են:

Այս գործով մեկ այլ ամբաստանյալի՝ Վարուժան Վարդանյանի փաստաբան Հրանտ Անանյանն Aravot.am-ին փոխանցեց, որ նախաքննությունն իրականացնող քննիչը իրեն տեղեկացրել է իր պաշտպանյալին ԱԱԾ հրավիրելու մասին: Նա եւս այս գործը համարեց զավեշտալի:

Փաստաբան Հրանտ Անանյանի հարցազրույցն ավելի ուշ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29