Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իսահակյանի գրադարանի վերականգնման ճարտարապետ. «80-ականներին մենք ոչ մի կցակառույց չենք արել, ոչ մի նոր բան չենք ավելացրել»

Փետրվար 22,2016 21:40

Ամիրյան 2 հասցեի Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի նախկին շենքը պետության կողմից պահպանվող հուշարձան շենքերի ցանկում է: Այս շենքի տարածքում, հիշեցնենք, օրերս շինաշխատանքների ժամանակ   շենքի մի հատված քանդել են, սակայն քաղաքացիների միջամտությունից, բարձրացրած աղմուկից հետո, քանդելը դադարեցրել են:  Քաղաքացիներին շինարարները վստահեցրել են, որ իրենք քանդում են ոչ հուշարձանային տարածքը, այլ այն հատվածը, որը խորհրդային տարիներին որպես կցակառույց է կառուցվել: Այսօր Երեւանի քաղաքապետին էլ, ըստ պաշտոնական հաղորդագրության, զեկուցվել է, որ արտաքին գործերի նախարարության շենքից դեպի ձախ գտնվող, 1896 թվականին կառուցված արական գիմնազիայի երկհարկանի հուշարձան շենքի պահպանված ճակատամասին կից 1980-ական թվականներին կառուցվել է երկհարկանի կցակառույց, որը չհանդիսանալով հուշարձան շենքի մաս, նախանշվել է որպես ապամոնտաժման ենթակա հատված:

Լուսանկարը` Հովիկ Չարխչյանի ֆեյսբուքյան էջից

Լուսանկարը` Հովիկ Չարխչյանի ֆեյսբուքյան էջից

IMG_7085 IMG_7082 IMG_7084

Aravot.am-ի հետ զրույցում մշակույթի նախարարության  պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երեւանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանն ասաց, որ կառավարության 2004 թվականի 1616-Ն որոշմամբ հուշարձանների ցանկ կա, 201 համարի ցուցիչով  նշված է Ամիրյան 2 հասցեի շենքը: Այվազյանի ներկայացմամբ՝  1980-ականներին, որպեսզի գրադարանի շենքը պատշաճ աշխատի, վերակառուցվել է, հետեւի մասը քանդվել է. «Իսկ փողոցի կողմից կցակառույց են արել նույն սեւ տուֆով: Մեր լիազորություններն են պահպանել հուշարձան շենքը, այսինքն` 1896 թվականին կառուցված հուշարձանը պահպանելն է մերը,  իսկ կցակառույցը, որը վերաձեւաորվել է, դա հուշարձանի մաս չէ»:

Թե քանի քառակուսի է հուշարձան շենքը, Այվազյանը դժվարացավ ասել, բայց նշեց, որ փաստաթղթերում դա նշված է: Եւ որպեսզի որեւէ կառուցապատող թույլտվություն ստանա պատմամշակութային շենքի հատվածում շինարարություն անելու, նախարարության համաձայնությունը պետք է ունենա:  «Բոլորին թվում է՝ հուշարձան շենք է քանդվում: Այն, ինչը վերաձեւավորվում է, այսինքն` 1980-ականներին է կառուցվածը, մեր հուշարձանի մասը չի նսեմացնում, այդ մասը հետ են տանում, որ հուշարձան շենքը ընդգծվի: Կառուցապատողը նույնիսկ ուզում էր ապամոնտաժեր ու  նորից վերականգներ,  ասացինք՝ ոչ, 80-ականերին էդ մասը ուժեղացվել է, դա կարող է մնա,  կարիք չկա ապամոնտաժելու»,-ասաց նախարարության պաշտոնյան:

1998-2000 թվականներին,երբ հուշարձան շենքի տարածքում Կրեդիտ-Երեւան բանկն էր «տիրություն» եւ շինարարություն անում, Երեւանի գլխավոր ճարտարապետն էր Համլետ Խաչատրյանը, որն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Գրադարանին հարկ են ավելացրել, քանի որ առաջին հարկը բանկն էր վերցրել: Իսկ 80-ականներին այդտեղ արանք կար, դա լցրել են, դարձել է մեկ ամբողջություն»:

Ուշագրավ է 1980-ականներին գրադարանի շենքի վերականգնման ճարտարապետ Բորիս Քոչարյանի պարզաբանումը: Նա Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ որեւէ կցակառույց չի կառուցվել, որեւէ արանք չի լցվել, որեւէ նոր բան չի արվել, իրենք ուղղակի գրադարանի շենքն են վերականգնել: Բորիս Քոչարյանի պատմելով՝

1982-83 թվականներին՝ գրադարանի շենքի դալանը չկար.  «80-ականներին գրադարանի շենքի՝ դեպի կառավարական 2 շենք քանդված ու թեք մնացած պատ կար ու քանի որ էդ հատվածով դեպի շենքի ներս անցում պետք է լիներ, մենք դալան կառուցեցինք, այդ ոճով արեցինք, որպեսզի շենքն ամբողջական ու գեղեցիկ լինի, բայց դալանը հին քանդված պատի հատվածում արեցինք: Այսինքն, մենք նոր բան չենք կառուցել»: Ինչ վերաբերում է պաշտոնական պարզաբանումներին, թե 80-ականներին երկհարկանի կցակառույց է կառուցվել եւ դա են քանդելու, Բորիս Քոչարյանն ասաց, որ իրենք որեւէ կցակառույց չեն կառուցել՝ ոչ գրադարանի ձախ, ոչ էլ՝ աջ կողմում: Ընդ որում, գրադարանի ձախ կողմի հարեւանությամբ, ճարտարապետի  պատմելով, եւս սեւ հին սեփական տուն է եղել, եւ այս երկու շենքերի միջեւ որեւէ արանք չի եղել, որ մի բան էլ լցնեին ու այդ արանքը փակեին:

«80-ականերին այդտեղ նոր բան չի կառուցվել, իսկ Իսահակյանի գրադարանը մենք որպես հուշարձան վերականգնել ենք: Փայտի ծածկերը վնասված էին, փոխարենը երկաթբետոնյա ենք արել, պատերի սիստեմը նույն են մնացել, ներքին պատերը՝ նույնպես:  Բակի կողմից փայտի  պատշգամբ կար, որն էլի քանդված էր, դա էլ ենք երկաթբետոնյա արել, եւ աստիճանավանդակներ կառուցեցինք, նկուղը աղբով լցված էր, մաքրել են: Նորից եմ ասում՝ ամրացրել ենք շենքը, հինն ենք վերականգնել, ոչ մի նոր բան չենք կառուցել: 80-ականներին կոմունիստների ժամանակ հինը վերականգնել են, իսկ հիմա սրանք եկել են՝ քանդում են, չգիտես՝ ինչ են ասում: Բանը հասել է նրան, որ Ամիրյան փողոցում են հուշարձանները քանդում, փողոցում ճարտարապետագեղարվեստական հարցեր  են լուծում: Ինչպես կարելի է»,-բավականին մտահոգված ասաց հուշարձան շենքի վերականգնման ճարտարապետ Բորիս Քոչարյանը:

Երեւանի քաղաքապետարանից Aravot.am-ին տեղեկացրեցին, որ Ամիրյան 2 հասցեի կառուցապատողը «ԷՍ ՋԻ ԱՅ» ՍՊԸ-ն է, կառուցվում է բազմաֆունկցիոնալ համալիր, իսկ գիմնազիայի ֆասադը պահպանվելու է:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գոհար says:

    Իսկ փորձել եք խոսել գրադարանի տնօրենի հետ, ով ժամանակին առանց պայքարելու սուսուփուս այդ հրաշակերտ շենքը փոխեց մի խոնավահրաշ նկուղի հետ

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29