Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի դիմաց հավաքված «Նոր Հայաստան» ճակատի անդամներին ոստիկանները թույլ չտվեցին բողոքի ակցիա անցկացնել: Ցուցարարները քրեակատարողական հիմնարկի մոտ հավաքվել էին ի պաշտպանություն հունվարի մեկից անազատության մեջ գտնվող քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի:
Ակցիան խոչընդոտեցին նախ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները՝ պահանջելով փոխել ակցիայի վայրը՝ բացատրելով, որ այն խաթարում է կալանավորների առօրյան ու կարող է վատ ազդեցություն ունենալ նրանց վարքի վրա:
Հիմնարկի աշխատակիցներից մեկի խոսքով, ակցիան այնպիսի վայրում պետք է անցկացվի, որ դատապարտյալները չտեսնեն ցուցարարներին, նրանց ձայնն էլ հիմնարկում չլսվի:
«Դուք պետք է հասկանաք, թե որտեղ եք ակցիա իրականացնում: Արդեն իսկ խցերում այս ակցիայի պատճառով իրավիճակի փոփոխություն է նկատվում, պահանջում ենք այս տարածքից հեռանալ, դուք պետք է զուսպ գտնվեք»,- ասաց ՔԿՀ ներկայացուցիչը՝ չներկայանալով:
Կարդացեք նաև
Ակցիայի մասնակիցները մի քիչ ավելի հեռացան քրեակատարողական հիմնարկից ու շարունակեցին իրենց ակցիան:
Հիշեցնենք, որ Գեւորգ Սաֆարյանը ձերբակալվել է Ազատության հրապարակում հունվարի մեկին «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջեւ բախումների ժամանակ:
Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր ենթարկել, այդ թվում՝ Գեւորգ Սաֆարյանը: Գեւորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մասով: Ըստ մեղադրանքի` Գեւորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ