«Մարդկանց քաղաքական հայացքների համար, տարբեր գործեր հարուցելով, ապօրինի կերպով մարդկանց ձերբակալում եւ զրկում են ազատությունից: Թարմ օրինակ էր Գեւորգ Սաֆարյանը, հիմա արդեն Վարդգես Գասպարին էլ: Սարգսյան Սերժը շարունակում է իր քաղաքականությունը. ձերբակալությունների միջոցով փորձում է վախի մթնոլորտ ստեղծել, որպեսզի մարդիկ չպայքարեն»,- այս մասին Բաղրամյան 26-ի մոտ կազմակերպված ակցիայի ընթացքում հայտարարեց ակտիվիստ Արամ Մանուկյանը:
Մի խումբ ակտիվիստներ «Գնում ենք Բ-26» անունով ակցիա են կազմակերպել եւ այժմ գտնվում են նախագահական նստավայրի դիմաց: Նրանք պահանջում են ազատ արձակել Գեւորգ Սաֆարյանին եւ Վարդգես Գասպարիին: «Ակցիայի նպատակն է ցույց տալ տվյալ անձնավորությանը, որ կան մարդիկ, որոնք համակարծիք են եւ Գասպարի, եւ Գեւորգ Սաֆարյանի հետ: Ամբողջ պայքարը կոնկրետ Սերժ Սարգսյանի դեմ է»:
Արամ Մանուկյանը հայտարարեց, որ եթե ցանկանում են ձերբակալել, թող իրենց էլ ձերբակալեն. «Մենք եկել ենք, թող բռնեն: Մենք բարձրաձայնում ենք, որ հասարակությունն էլ իմանա, որ կան քաղբանտարկյալներ: Մարդկանց ապօրինի ձերբակալում են, գործեր են հարուցում»:
Կարդացեք նաև
Ակցիայի մասնակիցները Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկով անցան նախագահականի մայթ, սակայն ոստիկանությունը թույլ չի տալիս Մեծ Բրիտանիայի դեսպանատանի առջեւից առաջ շարժվել դեպի նախագահական նստավայր: Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն առաջարկեց մի քանի հոգով գնալ նախագահականի նամակների բաժին: Ակտիվիստները չընդունեցին այդ առաջարկը:
Բողոքի ակցիան շարունակվում է Մեծ Բրիտանիայի դեսպանատան դիմաց:
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ