Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած ընդլայնված խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ներկայացվել է Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև Հասարակական կարգի պահպանության ծառայության կատարած աշխատանքների 2015թ.-ի հաշվետվությունը:
Խորհրդակցությանը մասնակցել են վերոնշյալ օղակների բոլոր աշխատակիցները: Ամփոփելով քաղաքաշինության և հողօգտագործման բնագավառներում նախորդ տարվա ընթացքում իրականացված աշխատանքները` Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը նշել է, որ 2015թ.-ին մայրաքաղաքում ինքնակամ շինությունների և հողազավթումների մասով կազմվել է 307 արձանագրություն, նույն ժամանակահատվածում քանդվել է 74 ապօրինի շինություն:
Առանձնակի կարևորելով ամենօրյա հսկողության շարունակականության ապահովումը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս շեշտել է, որ ապօրինությունների կանխարգելման ուղղությամբ քաղաքապետարանի դիրքորոշումը հստակ է:
«Ապօրինի ցանկացած շինարարություն կասեցվելու է, նման կառույցներն էլ քանդվելու են: Այս հարցում մեր դիրքորոշումը մշտապես լինելու է կոշտ և անհանդուրժողական, որևէ զիջում չի լինելու: Սա ձեզ համար պետք է լինի հստակ աշխատակարգ, ու այս պահանջից ցանկացած շեղում կգնահատվի որպես աշխատանքային պարտականությունների թերացում՝ իր բոլոր հետևանքներով», – ընդգծել է քաղաքապետը:
Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է խստորեն վերահսկել գործընթացն ու հայտնաբերվող յուրաքանչյուր դեպքի մասով կիրառել օրենքով սահմանված խիստ պատժամիջոցներ:
Կարդացեք նաև
«Ապօրինի շինարարության դեպքերն առավել անընդունելի են՝ հաշվի առնելով, որ քաղաքապետարանը հնարավորին պարզեցրել ու հեշտացրել է օրինական շինթույլտվություններ ստանալու ընթացակարգը: Եվ հենց այս տեսանկյունից է, որ ձեզանից յուրաքանչյուրը պետք է չհանդուրժի որևէ տեսակի ապօրինաշինություն: Ի դեպ, կանխարգելելը չի նշանակում միայն գնալ ու քանդել ապօրինի կառույցը: Քաղաքացիների հետ աշխատանքներ տարեք ու մարդկանց իրազեկեք, որ ապօրինի շինությունները քանդելուց բացի, քաղաքացին նաև ֆինանսական տույժի է ենթարկվում, մինչդեռ կարող է այդ ամենից խուսափել, եթե առաջնորդվի օրենքով սահմանված կարգով», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Ոչ այնքան գոհացուցիչ գնահատելով Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև Հասարակական կարգի պահպանության ծառայության 2015թ.-ին կատարած աշխատանքները` քաղաքապետ Տարոն Մարգարյանը հորդորել է լինել առավել հետևողական և պատասխանատու նշված ոլորտներում կանոնակարգված աշխատանք իրականացնելու հարցում:
«Ձեզանից յուրաքանչյուրը պետք է հստակ գիտակցի, որ ձեր թերի աշխատանքի արդյունքում տուժում է Երևանի քաղաքապետարանի հեղինակությունը, ինչը թույլ չեմ տա որևէ մեկին: Ձեր ամենօրյա սրտացավ ու հետևողական աշխատանքով միայն կկարողանաք վայելել հանրության վստահությունը, ինչն էլ ձեր աշխատանքի ամենաարդարացի գնահատականն է լինելու: Եվ ուրեմն պահանջում եմ ձեզանից լինել հետևողական և անհանդուրժող ցանկացած ապօրինության հայտնաբերման և կանխման հարցում», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետարան