Լրահոս
Օրվա լրահոսը

Ցույց տալով մեկումեջ բացակայող ատամներն ասաց` էս բերանով հնարավո՞ր է առողջ ապրել (Տեսանյութ)

Փետրվար 22,2016 17:59

Միրգ, բանջարեղեն, ձու, թթվասեր, կաթ, կաթնաշոռ, միս, ձուկ. սրանք այն կերակրատեսակներն են, որոնք առողջապահության ոլորտի մասնագետների պնդմամբ պարտադիր պետք է լինեն մարդու հիմնական սննդակարգում, որպեսզի մարդն առողջ լինի: Սակայն մեր երկրում նվազագույն 18-20 հազար դրամ կենսաթոշակ ստացող մարդը, որին օրական բաժին է ընկնում 600-650 դրամ գումար, այս կերակրացանկից չի կարող օգտվել, գոյատեւել, էլ ուր մնաց՝ առողջ լինել:

IMG_8138

Այսօր Հայ Ամերիկյան Առողջության Կենտրոնում` գինեկոլոգ Նելլի Ավագյանը եւ ընտանեկան բժիշկ Զառա Սահրադյանը ասուլիս էին հրավիրել` կոչ անելու առողջ ապրել: Նրանք ասացին, որ առողջ ապրելակերպ վարելով մարդիկ կարող են խուսափել մի շարք հիվանդություններից` սրտանոթային խնդիրներից, շաքարային դիաբետից, ճարպակալումից, քաղցկեղից եւ այլն: Երշիկեղենի եւ շոկոլադեղենի փոխարեն էլ օգտագործել միրգ, բանջարեղեն եւ այլ օգտակար սնունդ: Բժիշկները վստահեցրին, որ առողջ ապրելակերպը բարդ եւ թանկարժեք գործընթաց չէ:

Aravot.am-ը երկու բժշկից էլ հետաքրքրվեց, թե ասենք` նվազագույն թոշակ կամ նպաստ ստացող անձը, որի եկամուտը չի գերազանցում 20 հազար դրամը, իսկ մեր երկրում նվազագույն զամբյուղը 57-58 հազար դրամ է, ինչպե՞ս կարող է առողջ լինել մարդը, այն դեպքում, երբ նա իր ստացած թոշակից կամ նպաստից հոգում է նաեւ կոմունալ վճարները:
Նշենք, որ նվազագույն պարենային զամբյուղը իրենից ներկայացնում է 11 տեսակ սննդամթերքի նվազագույն չափաբաժինը, որն անհրաժեշտ է չափահաս մարդու օրգանիզմին։ Պարենային զամբյուղի էներգետիկ արժեքը օրական կտրվածքով կազմում է 2412.1 կկալ:

Ի պատասխան Զառա Սահրադյանն ասաց, որ առողջ ապրելակերպ վարելու համար, հաճախ ֆինանսական ներդրում չի պահանջվում. «Խոսքը քայլելու, պարելու մասին է այսինքն` այն ֆիզիկական ակտիվության, որը պետք է կրի պարբերաբար բնույթ: Առողջ ապրելակերպ ասելով մենք խոսում ենք նաեւ ճիշտ սննդակարգի մասին: Պիտի մարդը բավարար չափով բանջարեղեն, միրգ, կաթնամթերք, վիտամիններով հարուստ սնունդ օգտագործի: Շատ հաճախ ես ականատես եմ լինում, որ խանութներում հերթեր են գոյանում այն բաժինների մոտ, որտեղ վաճառվում են կիսաֆաբրիկատներ, երշիկեղեն: Ես հավատացնում եմ ձեզ, որ եթե համեմատում ենք երշիկեղենը բանջարեղենի, ձկնեղենի եւ մսի հետ, ապա նույն գումարն է»:

Մեր այն ճշտող հարցին, թե պիտի օգտագործի, սակայն կարո՞ղ է այդքան ցածր թոշակ ստացող մարդն այդ ամենը ներառել իր ամենօրյա ռացիոնում եւ արդյոք առողջ ապրելակերպը չպետք է երկրի քաղաքականության մաս լինի, Նելլի Ավագյանն ասաց. «Առողջ ապրելակերպ պետք է քարոզել մանկական հասակից, որպեսզի ծերության օրոք այդ թոշակը բավարար լինի: Դա արդեն քաղաքական հարց է, մեր ոլորտը չէ, 18 հազարով շատ դժվար է, գրեթե անկարելի է, եթե կողքից չեն օգնում, բայց բոլորին ուզում եմ հորդորել, որպեսզի առողջ ապրեն, որ թոշակի հասնելիս չունենան դեղորայքի անհրաժեշտություն, ապրեք այնպես, որ երջանիկ ծերություն անցկացնեք»:

Aravot.am-ը փողոցում գումար հավաքող Հռիփսիմե տատիկից հետաքրքրվեց, թե նա իր թոշակով կարողանում է առողջ ապրելակերպ վարել:
«Չլինի տենց թոշակը, դա գումար ա, որ մեզ տալիս են, որ կարողանայի թոշակով ապրեի ինչի՞ էի փող հավաքում»,-ի պատասխան ասաց նա: Տիկին Հռիփսիմեն սակայն խուսափեց տեսախցիկի առաջ իր դժգոհությունը ներկայացնել` ասելով, որ ինքն իր «Աստծուն ու իր սրբին» է հավատում:

Արամայիս Կիրակոսյանը, նույնպես չցանկացավ տեսախցիկի առաջ խոսել, «կառավարության անդամներին» հորդորեց` «ժողովրդի բաժինն ուտելու ու արյունը խմելու փոխարեն մի քիչ էլ ուտելու բան հասարակ մարդկանց թողնել»:
Մեր հարցին, թե կարողանո՞ւմ է առողջ ապրելակերպ վարել՝ մեր զրուցակիցը բացեց բերանը եւ ցույց տալով մեկումեջ բացակայող ատամները հարցրեց` էս բերանով մարդ կարո՞ղ է առողջ լինի. «Պրոթեզի համար 100 հազար դրամ են ուզում, պետք է 5 ամիս չուտեմ, չխմեմ, ոչ մի վարձ չմուծեմ, որ թոշակս հավաքեմ ու ատամներս դնեմ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29