«Համազգային թատրոնի շենքի կառուցման հարցն ամենացավոտն է մեզ համար: Չեմ ուզում երկար խոսել, քանի որ սպասողական իրադրության մեջ եմ: Հավատում եմ, որ խնդիրը լուծվելու է եւ առաջիկա մի քանի ամսում հստակ ասելիք կլինի»,-այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում լրագրողներին ասաց Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը: Հիշեցնենք, որ թատրոնը դեռեւս սեփական շենք չունի:
«Եթե թատրոնն ունի հանդիսատես, պահանջարկ, տաղանդավոր ստեղծագործողներ եւ ստեղծման օրից մեկ օր անգամ չի դադարել գործել, պետք է ունենա շենք: Տարածքը կարեւոր է թատերական գործչի համար: Դա ընտանիքի պես մի բան է»,-ասաց տնօրենը: Նա հիշեցրեց, որ թատրոնը նորանկախ Հայաստանի առաջին մշակութային օջախն է. «Եթե այն տանիք չունեցավ, դա խնդիր է հայ մարդու համար: Այսօր հեշտ չէ մի քանի միլիոն դոլար գտնել՝ զրոյից շենք կառուցելու համար»:
Մկրտչյանը նաեւ տեղեկացրեց, որ Համազգային թատրոնի շենքի կառուցման նպատակով նախորդ տարի սկսված դրամահավաքի արդյունքում, իր բնորոշմամբ, ծիծաղելի գումար է հավաքվել՝ 15 հազար դոլար. «Շատերն ասում են՝ դուք սկսեք կառուցել, մենք կմիանանք… սա է խնդիրը»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ