Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Պապյան. «Եթե ռազմական բախում լինի, մենք, ուզենք, թե չուզենք, ներքաշվելու ենք»

Փետրվար 22,2016 17:08

«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը կարծում է, որ լարվածությունը ռուս-թուրքական հարաբերություններում կշարունակվի ու կխորանա, բայց չի հասնի դասական պատերազմի. «Կլինեն «ածանցյալ» պատերազմներ, այսինքն՝ երբ ուժերն իրենց ռազմական բախումները երրորդ երկրի տարածքում են իրականացնում: Հիմա Սիրիայի տարածքում տեղի ունեցածը, ի վերջո, ներսիրիական խնդիր չէ: Շահերի բախում կա մի կողմից ամենաակտիվ խաղացող Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Քաթարի, իսկ մյուս կողմից՝ ՌԴ-ի միջև: Վերջինս Ասադին ոչ թե նրա համար է պաշտպանում, որ շատ է սիրում, այլ որովհետև միակ կառչելու տեղն է մնացել Միջերկրական ծովում դերակատարություն պահելու համար: ՌԴ-ի համար ռազմական բաղադրիչը միշտ կարևոր է եղել և առայսօր էլ մնում է նրա ամենաուժեղ կողմը: Եթե ռուսական քաղաքականության միջից հանենք նրա ռազմական հզորությունը, Ռուսաստանը կդառնա միջին կամ նույնիսկ միջինից էլ ցածր երկիր»,- «Հայելի» ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ արտահայտեց Ա. Պապյանը:

Նրա գնահատմամբ՝ մեր երկրի համար ներկայումս բացառիկ դրական վիճակ է ստեղծվել՝ արտաքին քաղաքական առումով: Սակայն մեր ներքին թուլությունը թույլ չի տալիս օգտագործել արտաքին հնարավորությունները:

Ըստ Պապյանի՝ ռուս-թուրքական հարաբերությունների լարվածությունը մեծ հնարավորություն է ստեղծում՝ գոնե հնչեցնելու մեր խնդիրները, մեր տեսակետը. «Բնականաբար, սա անդրադառնում է նաև ԼՂՀ հակամարտության վրա: «Մեկ ազգ՝ երկու պետություն» սկզբունքը նաև Ալիևն է հնչեցրել, և կարծում եմ՝ դրանով է պայմանավորված մեր ՊՆ-ի կողմից հայտարարված նոր քաղաքականությունը, այն է՝ սպասողական, պաշտպանական քաղաքականությունից անցնել զսպման և ինչ-որ տեղ նաև պատժելու քաղաքականությանը»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ՀՀ-ի արտաքին քաղաքականությանը և այն կոչերին, թե ՀՀ-ն չպետք է միջամտի, պետք է չեզոքություն պահպանի, Արա Պապյանի գնահատմամբ՝ տրամաբանորեն ճիշտ են, բայց գործնականում՝ անհնար. «Պետք չէ մոռանալ, որ ռուսական ռազմաբազա կա Հայաստանում, Ռուսաստանի հետ ունենք երկկողմ և բազմակողմ (ՀԱՊԿ-ի շրջանակում) փոխադարձ պաշտպանության զանազան պայմանագրեր: Ես չեմ ընդունում նաև այն տեսակետը, ըստ որի՝ եթե ՀՀ-ն խոսի Մոսկվայի կամ Կարսի պայմանագրի չեղարկման մասին, դրանով կվտանգի իր անվտանգությունը: Այնպես չէ, որ Հայաստանն իր անվտանգությունը դրանով է պահում: Վստահեցնում եմ, որ եթե Թուրքիան հնարավորություն ունենար և ունենա հարձակվելու Հայաստանի վրա, չի նայի այդ պայմանագրերի լինել-չլինելուն. պատրվակներ միշտ էլ կարելի է գտնել»,- ասաց Ա.Պապյանը՝ ընդգծելով, որ մեր այսօրվա խնդիրը ՌԴ-ում աշխատանքն ակտիվացնելն ու մեր շահերը հստակորեն ներկայացնելն է, ինչպես նաև ռազմական պաշտպանությունը հնարավորինս ամրացնելը. «Որովհետև եթե ռազմական բախում լինի, մենք, ուզենք, թե չուզենք, ներքաշվելու ենք»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29