Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Խզմալյան. «Գեղարվեստական «գերոնտոֆիլիայի» մեջ ենք» (Տեսանյութ)

Փետրվար 22,2016 16:36

Թատերական կյանքի առաջնահերթ խնդիրը կադրային քաղաքականությունն է: Անհրաժեշտ է թատրոնների ղեկավարումը վստահել ոլորտի երիտասարդ ներկայացուցիչներին: «Անալիտիկ» մամուլի ակումբում այսօր նման համոզմունք հայտնեցին Ազգային թատերական ստեղծագործական միավորման նախագահ, թատերագետ Արա Խզմալյանը եւ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը: «Փոխվել են պատկերացումները, ժամանակը, բայց թատրոնը նույն մարդիկ են ղեկավարում՝ նույն սկզբունքներով: Գեղարվեստական «գերոնտոֆիլիայի» մեջ ենք: Կա ձեւավորված թատերական սերունդ, կան մարդիկ, որոնց կարելի է վստահել այս կամ այն թատրոնի ղեկավարությունը»,-ասաց Արա Խզմալյանը:

Վկայակոչելով ԱԱԾ նորանշանակ տնօրեն Գեորգի Կուտոյանին՝ նա ասաց, որ երիտասարդ եւ կրթված ղեկավար նշանակելու օրինակը պետք է կիրառեն նաեւ այլ կառույցները:

«Սերնդափոխության բացակայության պատճառը գուցե մեծերի հանդեպ հարգանքն է, բայց կաթողիկոսի հոգեբանությամբ չի կարելի գեղարվեստական ղեկավար լինել: Մենք սերնդափոխության ժամանակաշրջանում ենք, իսկ թատրոնի ղեկավարը տասնյակ տարիներ շարունակ միայն իր պատկերացրած ճանապարհով է տանում թատրոնը»,-նշեց Խզմալյանը:

Համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն էլ նկատեց, որ թատրոնի հեղինակությունը ոչ թե անձն է, այլ կատարված աշխատանքը. «Երիտասարդ գործիչը կարող է այնքան շատ աշխատանք կատարել, որը չի կարողանա կատարել տարեցը: Թատրոնի ղեկավարներ կան՝ կոչումներով, տիտղոսներով, բայց նրանք փակում են թատրոնների մրցակցության ճանապարհը»:

Բանախոսները նաեւ ասացին՝ տպավորություն չստեղծվի, թե մեծերի դեմ ենք խոսում, բայց ժամանակը թատրոնների տարեց ղեկավարներից նոր մոտեցումներ է պահանջում. «Խնդիրը գուցե տարիքը չէ, այլ անձի մոտեցումը»,-հավելեցին նրանք:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29