«Յանուս» արտիստական թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Մխիթար Մոս-Մուշեղյանը, որը մեղադրվում է Էքստրասենս Անի Մաջնունյանի աղմկահարույց սպանության մեջ, զանգեց «Առավոտի» խմբագրություն եւ ասաց, որ դադարեցրել է հացադուլը:
Aravot.am-ի հետ զրույցում նա հայտնեց, որ անիմաստ էր հացադուլը շարունակելը. «Իրենց նեղություն չտվեցին իմ պահանջները բավարարելու համար, ընդամենը դատախազը (նկատի ունի Գեւորգ Կոստանյանին, որին դիմել էր պետք է ընդուներ ու պարզաբանումներ աներ: Չեկան: Հետո կողքիս էլի մարդ կար նույն խցում, 60 օր էդ մարդը պառկած էր հացադուլի մեջ, Սուրիկն էլ Սուրենյանց հացադուլի մեջ էր…Բոլորիս մոտ նույն վիճակն էր, ո՞նց կարելի է էդպես վարվել, երբ յուրաքանչյուրս մեր տեղում ինչ-որ բան, ինչ-որ չափով ունենք արած, գոնե երախտագիտության ձեւ է մեզ լսելը»,-ասաց Մխիթար Մոս-Մուշեղյանը:
Տարակուսեցինք՝ այսինք ինչի՞ համար պետք է երախտագիտություն հայտնեին իրենց:
«Միգուցե մեր կենսագրության, մեր ներդրած լումայի համար, չէ՞ որ ես կարող էի ընդհանրապես չվերադառնալ Հայաստան եւ ինձ համար աշխատել Կրասնոդարի թատրոնում, բայց վերադարձա Հայաստան, վերադարձա, որոշեցի էստեղ իմ գործունեությունը ծավալել…Քիչ բան չարեցի իմ հնարավորությունների սահմաններում: Երբ նայում եմ՝ ինչքան բան եմ արել, էլի դժգոհ չեմ, ինչ էլ լինի, ես իմ կարիերան համարում եմ նորմալ ավարտած մարդ, որ կարող է հանգիստ թոշակի գնալ: Էլ ո՞ւր կարող եմ բարձրանալ՝ թատրոն հիմնեցի, դասավանդեցի, իմ ստուդիան ունեցա, միայն մի երկու դեր չխաղացի, բայց դեռ հնարավորություն կունենամ:
Կարդացեք նաև
Իմիջիայլոց Հայ արվեստի միությունն էլ անցյալ տարվա գործունեության համար ինձ կոչում է շնորհել՝ Տարվա լավագույն բեմադրիչ, միայն դա չունեի, դա էլ ունեցա: Ընդ որում, անցյալ տարվա կեսն եմ աշխատել ու մի քանի ամսվա համար գնահատել են աշխատանքս նման ձեւով»,-ասաց «Յանուս» թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավարը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ