Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանը՝ մարտի 1-ի հավաքի մասին. «Եկել ենք ինչ-որ կոնկրետ սցենարի»

Փետրվար 22,2016 16:10

Ինչպես հայտնի է, Հայ ազգային կոնգրեսը եւ «Նոր Հայաստան» միավորումը համաձայնության են եկել`մարտի 1-ին համատեղ միջոցառում անցկացնելու շուրջ: Հիշեցնենք, որ երկու ուժերն էլ առանձին հայտեր էին ներկայացրել Ազատության հրապարակում նույն ժամին հանրահավաք անցկացնելու մասին, երկու հայտերն էլ քաղաքապետարանն ի գիտություն էր ընդունել:

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ասաց. «Ի վերջո, այդ իրավիճակից ելքը գտանք եւ որոշեցինք համատեղ հանրային միջոցառում կազմակերպել»:

Պատասխանելով հարցին`հանրահավաք լինելո՞ւ է, թե՞ ոչ, քանի որ խոսակցություններ կան, որ հանրահավաք չի լինելու, այլ հավաքվելու են Ազատության հրապարակում եւ երթով գնան Մյասնիկյանի արձանի մոտ, ասաց. «Կգաք`կիմանաք: Հավաք եւ երթ, ինչպես որ հայտարարված է: Մենք հիմա եկել ենք ինչ-որ կոնկրետ սցենարի, որը ես հիմա չեմ ցանկանում հրապարակել: Պայմանավորվածություն է ձեռք բերվել`ելնելով ճիշտ լուծումներ գտնելու անհրաժեշտությունից: Կարծում եմ, կարեւոր նպատակին`այդ օրը պատշաճ, ժողովրդին, հանրությանը ցույց տալու մարտի 1-ի դեպքերի, նրանց ոճրագործներին պատժելու եւ մնացած այլ հարցերի հետ կապված, մենք պատասխան տալու ենք»:

ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հավաքին կմասնակցի՞, թե՞ ոչ`Լեւոն Զուրաբյանը հրաժարվեց իր անունից որեւէ պատասխան տալ: Խոսակցություններ կան, որ Տեր-Պետրոսյանը երթին չի մասնակցի, նա կլինի Մյասնիկյանի արձանի մոտ եւ ծաղիկներ կդնի զոհերի հիշատակին:

Levon_Zurabyan

ՀԱԿ նախկին դաշինքի անդամ կուսակցություններից որո՞նք կմասնակցեն հանրահավաքին`Լեւոն Զուրաբյանը չգիտի: «Տեղյակ չեմ»,- ասաց նա:

Ի պատասխան մեր հարցի` նախաձեռնող խմբի կողմից մասնակցության հրավերք կամ որեւէ իրազեկում եղե՞լ է ուղղված Հրանտ Բագրատյանի «Ազատություն» կուսակցությանը, Լյուդմիլա Սարգսյանի ՎՍԴՀԿ-ին, Նիկոլ Փաշինյանին եւ «Քաղաքացիական պայմանագրին», ասաց. «Հանրային միջոցառումների ինստիտուտն ընդհանրապես իր մեջ հրավերքներ չի պարունակում: Երբեք մենք չենք հրավիրել որեւէ մեկին`մասնակցել մարտի 1-ի հանրահավաքին կամ երթին: Դա բոլորի որոշելիքն է: Մենք կազմակերպում ենք: Հանրային միջոցառում է, դրան հրավիրելն անիմաստ բան է: Հայտարարվում է, հանրությունն էլ որոշում է իր մասնակցության չափը»:

Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանը եւ Հրանտ Բագրատյանը 2012 թվականից ի վեր չեն մասնակցել մարտի մեկի առիթով ՀԱԿ-ի կազմակերպած միջոցառումներին: Մեր տեղեկություններով, ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն այս տարի էլ իրենց կուսակիցների հետ ծաղիկներ կդնեն Մյասնիկյանի արձանի մոտ`ի հիշատակ 2008 թվականի մարտի 1-ի զոհերի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29