ԱԺ նիստում Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցն է: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ՄԻՊ թեկնածու Արման Թաթոյանին հիշեցրեց նախկին 3 օմբուդսմենների ճակատագիրը՝ «3-ն էլ ի սկզբանե հռչակվեցին իշխանության մարդ, բոլոր երեքն էլ այդ պաշտոնին հրաժեշտ տվեցին ձեզ հայտնի պատճառներով: Կարեն Անդրեասյանն էլ չնայած հայտարարեց, որ ինքը որեւէ պարագայում հրաժարական չի ներկայացնի, այդուհանդերձ, ներկայացրեց հրաժարական: Դուք ուզեք, թե չուզեք, հանրային ընկալման մեջ իշխանության ներկայացրած թեկնածուն եք: Դուք ինչո՞վ եք վստահ, որ կարողանալու եք հանրությանն ապացուցել, որ դուք իշխանության դրածոն չեք: Մեկ-երկու տարի հետո չի բացառվում, որ մենք այստեղ՝ այս դահլիճում կրկին այս խնդրին կանդրադառնանք, եթե հանկարծ պարզվի, որ դուք ձեր վրա դրված ինչ-ինչ չակերտներից կամ սահմաններից դուրս եք եկել»:
Արման Թաթոյանն էլ պատասխանեց, որ աշխատել է օմբուդսմենի գրասենյակում եւ գիտակցում է ողջ բարդությունը եւ վստահ է, որ այդպիսի օրենսդրական լիազորություններ ունենալով՝ կարող է պաշտոնավարել մինչեւ իր ժամկետի ավարտը: Իսկ ՀՀԿ-ի ներկայացնելը որեւէ բան, ըստ նրա չի նշանակում, ՄԻՊ-ը այնպիսի լիազորություններով է օժտված օրենսդրական, որ բոլոր խնդիրները, մարտահրավերները հաղթահարելի են:
Նաիրա Զոհրաբյանը չճշտեց՝ դուք աշխատելո՞ւ եք չքննադատել իշխանության այս կամ այն մարմիններին, որպեսզի չհայտնվեք թիրախային ցուցակում: Արման Թաթոյանը պատասխանեց. «Եթե նայեք, իմ բազմաթիվ ելույթներում ես հրապարակային քննադատում եմ օրենսդրական եւ այլ հարցերում: Չի կարող լինել հանդուրժողականության կամ երկակի ստանդարտներով վերաբերմունք»:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ չի բացառվում, որ ես կողմ քվեարկեմ ձեր թեկնածության օգտին, բայց հետաքրքրվեց՝ առաջինն ումի՞ց իմացաք, որ դուք ՀՀԿ թեկնածուն եք, ո՞վ զանգեց ձեզ, տեղյակ պահեց եւ արդյո՞ք այդ խոսակցության մեջ կային պայմանավորվածության որոշակի էլեմենտներ:
Կարդացեք նաև
Արման Թաթոյանը պատասխանեց, որ առաջին անգամ խոսել է այդ մասին ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ. «Մի պայմանավորվածություն է եղել՝ այս առաջադրումը չի կաշկանդելու ինձ: Ես պետք է լիարժեք հնարավորություն ունենամ իրականացնելու իմ գործառույթները»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ