Արուսյակ Ալեքսանյան
ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի
դասախոս, քաղաքական գիտությունների թեկնածու
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական
ինստիտուտի (ՄԱՀՀԻ) գործընկեր փորձագետ
ՆԱԽԱԲԱՆ
Սույն հետազոտության նպատակն է վերլուծել Հայաստանի ժողովրդավարության մակարդակը, այն պայմանավորող քաղաքական գործոններն ու դրանց զարգացման միտումները:
Հաշվի առնելով ընտրական գործընթացների կարևորությունն ու ազդեցությունն անցումային երկրների ժողովրդավարության մակարդակի վրա՝ հատուկ ուշադրություն է դարձվել նախագահական և խորհրդարանական ընտրությունների համակողմանի վերլուծությանը:
Ռեգրեսիոն վերլուծության միջոցով վեր են հանված այն գործոնները, որոնք առավել նշանակալի ազդեցություն ունեն Հայաստանի ժողովրդավարության վրա:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ԻՆԴԵՔՍԸ (ՔԳԻ)
Գծապատկեր 1
Հայաստանի ժողովրդավարության վրա ազդող քաղաքական, սոցիալական, տնտեսական, կրթական և առողջապահական գործոնների ինդեքսները (1995-2012թթ.)
Ժողովրդավարության Քաղաքական գործոնների ինդեքսի (ՔԳԻ) կորից երևում է, որ քաղաքական զարգացումներն ընթանում են նույն մակարդակով` փոքր-ինչ վերելքներով և վայրէջքներով, որոնք հիմնականում պայմանավորված են ընտրություններով: Հետազոտությունները վկայում են, որ Հայաստանում ժողովրդավարության մակարդակի և քաղաքական կայունության առավել մեծ անկումներ նկատվում են մասնավորապես նախագահական ընտրությունների ժամանակ, որը բնորոշ է նախագահական քաղաքական համակարգ ունեցող և անցումային շրջանում գտնվող պետություններին:
Հայաստանում նախագահական ընտրություններ են անցկացվել 1991թ., 1996թ., 1998թ., 2003թ., 2008թ. և 2013թ. (տե՛ս աղյուսակ 2):
Առաջին նախագահական ընտրությունները տեղի ունեցան 1991թ., որի ժամանակ ձայների 83%-ով հաղթանակ տարավ Հայոց համազգային շարժման թեկնածու Լևոն ՏերՊետրոսյանը։
Հաջորդ նախագահական ընտրությունները խնդրահարույց էին: Պաշտոնական տվյալների համաձայն՝ Տեր-Պետրոսյանը վերընտրվել էր նախագահի պաշտոնում ձայների 51,7%-ով, իսկ ընդդիմության առաջնորդ Վազգեն Մանուկյանը (Ազգային ժողովրդավարական միություն), ստանալով ձայների 41%-ը, հայտարարում էր տեղ գտած լայնածավալ կեղծիքների մասին:
1996թ. սեպտեմբերի 25-ին 150-200 հազար ցուցարարներ գրոհեցին ԱԺ-ի շենքը և բռնություն գործադրեցին ԱԺ խոսնակի ու փոխխոսնակի նկատմամբ: Ոստիկանությունը ցրեց ցուցարարներին, ինչի հետևանքով մոտ 60 մարդ ստացան մարմնական տարբեր վնասվածքներ: 1996թ. արձանագրված ՔԳԻ-ի անկումը մեծ մասամբ պայմանավորված է քաղաքական այս ճգնաժամով (տե՛ս գծապատկեր 1, աղյուսակ 1):
Արդեն իսկ 1998թ. մարտին նախագահական արտահերթ ընտրություններ նշանակվեցին, որը պայմանավորված էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Լ. Տեր-Պետրոսյանի առաջարկած տարբերակի շուրջ առաջացած ներքին տարաձայնություններով: Այնուամենայնիվ, ՔԳԻ-ի տեսանելի անկում նկատվում է 1999թ., որի պատճառը հոկտեմբերի 27-ի դեպքերն էին, երբ Ազգային ժողովի շենքում տեղի ունեցավ ահաբեկչություն:
2003թ. և 2004թ. նույնպես նկատվում է ՔԳԻ-ի անկում (տե՛ս գծապատկեր 1, աղյուսակ 1): 2003թ. սկսած անկումը պայմանավորված է նշված ժամանակահատվածում ակտիվ քաղաքական իրադարձություններով. այդ տարի տեղի են ունեցել և՛ նախագահական, և՛ խորհրդարանական ընտրություններ, ինչպես նաև՝ հանրաքվե: Խորհրդարանական ընտրությունները նախագահական ընտրությունների համեմատությամբ առավել հանգիստ ընթացք ունեին: Ընդդիմությունը, չհամաձայնելով արդյունքների հետ, պնդում էր, որ ընտրությունները կեղծվել են, իսկ ԵԱՀԿ դիտորդները հայտարարեցին, որ դրանք ընթացել են թերություններով։ Այդ ընտրությունների երկրորդ փուլում 67,5% արդյունքով վերընտրվեց Ռոբերտ Քոչարյանը՝ հնարավորություն ստանալով պաշտոնավարելու ևս 5 տարի։
Համապետական հագեցած իրադարձությունների պատճառով նշված ժամանակահատվածում նկատվում է քաղաքացիական անհնազանդությունների քանակի որոշակի աճ, որը շարունակվեց նաև 2004թ. գարնանը, երբ ընդդիմությունը մարտի 28-ից սկսեց ցույցերի մի շարք՝ պահանջելով Ռ. Քոչարյանի հրաժարականը։
2008թ. նախագահական ընտրություններն անկախ Հայաստանի պատմության մեջ ամենախնդրահարույցն էին: Ըստ փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքների (52,8%)՝ հաղթանակ տարավ ՀՀ վարչապետ և Պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանը։ Լևոն Տեր-Պետրոսյանն ստացել էր 21,5% ձայն (տե՛ս աղյուսակ 2):
Փետրվարի 20-ին Երևանի Ազատության հրապարակում սկսվեցին զանգվածային հանրահավաքներ, որոնք հետագայում վերածվեցին զանգվածային անկարգությունների: Ոստիկանական ուժերի և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով եղան մարդկային զոհեր: Մարտի մեկի դեպքերից հետո ավելի քան հարյուր ընդդիմադիրներ կալանավորվել և դատարանի առաջ են կանգնել: Այդ իսկ պատճառով ՔԳԻ-ի` թերևս ամենախոշոր անկումը պայմանավորված է նշված դեպքերով (տե՛ս գծապատկեր 1, աղյուսակ 1):
2013թ. ընտրություններին Սերժ Սարգսյանը վերընտրվեց ՀՀ նախագահի պաշտոնում: Հետընտրական գործընթացները ևս ուղեկցվեցին բազմաթիվ ցույցերով:
Հաջորդ նախագահական ընտրությունները կկայանան 2018թ.: Սակայն Սահմանադրության նոր մոդելի համաձայն` Հանրապետության նախագահն ընտրվում է ոչ թե ՀՀ քաղաքացիների կողմից հինգ տարի ժամկետով, այլ Ազգային ժողովի կողմից` յոթ տարի ժամկետով:
Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններին, ապա դրանց հետընտրական քաղաքական գործընթացների բացասական ազդեցությունը ժողովրդավարության վրա առավել մեղմ է եղել, քան նախագահական ընտրություններինը: Խորհրդարանական ընտրությունների ազդեցությունը ԺՄԻ-ի վրա հաշվարկվել է նաև ըստ խորհրդարանում ընդդիմություն-իշխանություն փոխհարաբերության՝ պատգամավորական զբաղեցրած տեղերի հարաբերակցությամբ:
Այսպես, Հայաստանում բարձրագույն օրենսդիր մարմինը միապալատ Ազգային ժողովն է, որն ընտրվում է համաժողովրդական ընտրությունների միջոցով, հինգ տարի ժամկետով: Հայաստանն անկախությունից ի վեր ունեցել է Ազգային ժողովի հինգ գումարում և համապատասխանաբար հինգ ընտրություն՝ 1995թ., 1999թ., 2003թ., 2007թ. և 2012թ. (տե՛ս աղյուսակ 3):
Վերլուծելով ընտրություններին քաղաքական կուսակցությունների մասնակցության տվյալները՝ կարելի է նկատել, որ խորհրդարանական բոլոր ընտրություններին միայն Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ) և Հայաստանի հանրապետական կուսակցությունն (ՀՀԿ)-ը (1995թ. և 1999թ. դաշինքով) են մասնակցել և հաղթահարել օրենքով սահմանված 5%-անոց արգելքը, իսկ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը (ՀԿԿ) և Ազգային ժողովրդավարական միությունը (ԱԺՄ) պատգամավորական տեղեր զբաղեցրել են միայն առաջին (1995թ.) և երկրորդ (1999թ.) գումարման Ազգային ժողովում: «Օրինաց երկիր» կուսակցությունը կայուն ներկայություն է ունեցել՝ սկսած ԱԺ երկրորդ, իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) և «Ժառանգություն» կուսակցությունը (ԺԿ)՝ չորրորդ (2007 թ.) գումարման ընտրություններից:
Թվարկվածներից, թերևս, ամենահանգիստը 2007թ. խորհրդարանական ընտրություններն էին, որոնք ԵԱՀԿ դիտորդների կողմից նախորդ ընտրությունների համեմատ գնահատվել են որպես «մեծապես ժողովրդավարական» և զգալի բարելավում։
Միևնույն ժամանակ ԺՄԻ-ի վրա ամենաբացասական ազդեցությունն ունեցան 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ արձանագրված արդյունքները, երբ մոդելում հաշվարկվող «խորհրդարանական մեծամասնություն» փոփոխականը հասավ նվազագույն նիշի (0), քանի որ ՀՀ նախագահի կուսակցությունը բացարձակ մեծամասնություն ձեռք բերեց խորհրդարանում՝ ստանձնելով «միանձնյա» որոշումներ ընդունողի լիազորություն և՛ օրենսդիր, և՛ գործադիր մարմիններում:
Կուսակցական համակարգի ձևավորման սկզբնավորման մասին է փաստում նաև Հայաստանում կուսակցությունների չափից ավելի մեծ քանակը: Հանրապետությունում գրանցված 79 կուսակցությունը 3 միլիոն բնակչության պարագայում վկայում է կուսակցական համակարգի անարդյունավետության մասին:
Դրանց մեծ մասը «մարդ-կուսակցություններ» են, որոնց հիմնական նպատակն իշխանության հասնելն ու նեղ խմբային շահերը լուծելն է: Ընտրողներն այս դեպքում միջոց են, իսկ «գաղափարախոսությունը»` գործիք՝ թեկնածուի դրական կերպարի և քաղաքական ինքնագովազդի համար:
Հատկապես ընդդիմադիր դաշտում տիրող անհամաձայնության մթնոլորտը և անմիասնականությունը հանգեցնում են նոր կուսակցությունների ստեղծմանը, որոնք, որպես կանոն, միտված են լրացնելու կառուցողական ընդդիմադիր կուսակցությունների բացակայությունը կամ դրանց անարդյունավետ գործունեության հետևանքով առաջացած վակուումը:
Չնայած կուսակցական համակարգի ձևավորման այս խնդիրներին` դրական միտումները ևս ակնհայտ են: Հայաստանի քաղաքական դաշտում այլևս նոր կուսակցություններ չստեղծելու միտում, այնուամենայնիվ, նկատվում է: Ավելին, չորրորդ և հինգերորդ գումարման Ազգային ժողովում կուսակցական կազմը գրեթե չի փոխվել, ինչը խոսում է այդ կուսակցությունների կայացման և քիչ թե շատ սոցիալական կայուն բազայի ձևավորման մասին: Իսկ 5-6 խոշոր քաղաքական կուսակցությունների առկայությունը բավարար է ներկայացուցչականություն ապահովելու, պետական շահի և պետության ժողովրդավարական հիմքերն ամրապնդելու համար:
Այսօր ժողովրդավարության ոլորտի քննարկման կարևոր հիմնահարցերից են 2015թ. սահմանադրական բարեփոխումները, որով նախատեսվում է Հայաստանում կառավարման կիսանախագահական համակարգից անցում կատարել խորհրդարանականի:
Այս համատեքստում համաշխարհային փորձը վկայում է, որ պառլամենտարիզմն առավել նպաստավոր պայմաններ է ստեղծում ժողովրդավարական արժեքների կայացման և, մասնավորապես, կուսակցական համակարգի զարգացման համար, որում քաղաքական հիմնական դերակատարները հենց կուսակցություններն են: Անշուշտ, կառավարման նոր մոդելի արդյունավետությունն ուղիղ համեմատականով կախված է լինելու դերակատարների քաղաքական մշակույթի մակարդակից, համագործակցության և փոխզիջման պատրաստակամությունից, որոնք կառավարման ժողովրդավարական յուրաքանչյուր համակարգի գործառնման որոշիչներից են:
Աղյուսակ 3
ՀՀ Ազգային ժողովում կուսակցությունների պատգամավորական տեղերի հարաբերակցությունը
Անդրադառնալով մոդելում ընդգրկված քաղաքական այլ փոփոխականներին՝ հարկ է նշել, որ 1998-2014թթ. ընկած ժամանակահատվածում Հայաստանի` Կոռուպցիայի ընկալման ինդեքսը 0-10 սանդղակի միջակայքում (2012թ. մեթոդաբանությամբ՝ 0-100) բարելավվել է ընդամենը 1,2 միավորով՝ 174 պետությունների շարքում գրավելով 94-րդ տեղը:
Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի 2013թ. արդյունքներով` հարցվողների 82%-ը կոռուպցիան համարում է «լուրջ» կամ «շատ լուրջ» հիմնախնդիր Հայաստանում, նրանց 58-69%-ն ամենակոռումպացված ինստիտուտներն են համարել կրթությունը, ոստիկանությունը, առողջապահությունը, արդարադատությունն ու պետական պաշտոնյաներին: Կաշառքի ամենաշատ դեպքերը հիշատակվել են ոստիկանության և առողջապահության ոլորտներում (21-24%):
Այսպես, Հայաստանում կոռուպցիոն ռիսկերի պատճառ են իշխանության և պետական համակարգի սերտաճումը գործարարության հետ, շահերի բախման ոչ արդյունավետ կառավարումը, օրենսդրական սողանցքները, ինչպես նաև կոռուպցիայի նկատմամբ հանդուրժողականությունը:
Ըստ «Ազատության տան» (Freedom House)՝ Հայաստանում մամուլն անազատ է: Ընդ որում, դիտարկելով Հայաստանի գնահատականների ժամանակագրական շարքը՝ ակնհայտ է դառնում, որ մինչև 2001թ. ներառյալ մամուլը որակվել է «մասնակի ազատ», 2002-2014թթ.՝ «անազատ»: «Ազատության տան» փորձագետներն այդ փոփոխությունը հիմնավորում են իշխանությունների կողմից քաղաքական քննադատությունը լռեցնելու փորձերով և առաջատար անկախ հեռուստակայանի՝ «Ա1+»-ի գործունեության դադարեցմամբ՝ այդ ամենն արձանագրելով որպես քաղաքական ճնշում մամուլի վրա:
Քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների ոլորտները, ըստ կազմակերպության գնահատման, «մասնակի ազատ» են: Հարկ է նշել, որ քաղաքացիական ազատությունների միավորը (4) այս տարիներին մնացել է անփոփոխ։ Ինչ վերաբերում է քաղաքական իրավունքներին, ապա դրանց ցուցանիշները ունեցել են տարբեր տատանումներ: Գնահատականը վատթարացել է հիմնականում քաղաքական ճգնաժամերի տարիներին. նվազագույն նիշն արձանագրվել է մասնավորապես սկսած 2008թ.՝ պայմանավորված նախագահական ընտրություններին ընդդիմադիրների ձերբակալություններով և քաղաքական այլ ճնշումներով: 2012թ. սկսած նկատվել է դրական տեղաշարժ[3]:
Համաշխարհային տնտեսական ֆորումի Համաշխարհային գենդերային բացակի (Global Gender Gap) ինդեքսի (ՀԳԲԻ) ուսումնասիրությունները վկայում են, որ Հայաստանում քաղաքականությունն այն ոլորտն է, որտեղ գենդերային անհավասարությունն առավել արտահայտված է, քանի որ նշված ոլորտում 2015թ. տվյալների համաձայն՝ 145 պետությունների շարքում Հայաստանն զբաղեցնում է 125-րդ տեղը:
ՀԳԲԻ-ի «տնտեսական մասնակցության և հնարավորությունների» ենթաինդեքսով Հայաստանը 79-րդ տեղում է, «առողջության և գոյատևման» ենթաինդեքսով 144-րդ տեղում է, իսկ «կրթության մակարդակ» ենթաինդեքսով՝ 35-րդ տեղում: Վերջինիս պարագայում անհավասարությունը հօգուտ կանանց է, մասնավորապես` բարձրագույն կրթության ոլորտում: 2015թ. ՀԳԲԻ-ի միավորների վերջնական հաշվարկով Հայաստանը 105-րդ տեղում է:
Ամփոփելով կարելի է նշել, որ 1995-2015թթ. ժամանակահատվածում Հայաստանի ՔԳԻ-ն չի ենթարկվել շոշափելի փոփոխությունների: Ավելին, 2012թ. անկման հետևանքով (ՀՀԿ-ն բացարձակ մեծամասնություն ձեռք բերեց խորհրդարանում) ՔԳԻ-ի արձանագրած ցուցանիշն (0,400) ավելի ցածր է, քան 1995թ. (0,413):
Դիտարկվող ժամանակահատվածում ՔԳԻ-ի ամենացածր ցուցանիշը եղել է 2008թ. (0,386)՝ պայմանավորված նախագահական ընտրությունների հետընտրական գործընթացներով: Տեղին է նշել, որ ՔԳԻ-ի գրեթե բոլոր նկատելի անկումները կապված են ընտրական գործընթացների հետ, մասնավորապես` նախագահական:
Դիտարկվող ժամանակահատվածում ՔԳԻ-ի ամենաբարձր ցուցանիշը եղել է 2002թ. (0,457)՝ պայմանավորված քաղաքական կայունության, օրենքի գերակայության, մամուլի ազատության և կոռուպցիայի ընկալման ցուցանիշների բարելավմամբ: Սոցիալական անհանգստությունների և քաղաքական ճնշումների առումով նույնպես 2002թ. ամենահանգիստ տարիներից էր:
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԻՆԴԵՔՍԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ
Գծապատկեր 2
Հայաստանի Ժողովրդավարության մակարդակի ինդեքսը (1995-2012թթ.)
Դիտարկելով գծապատկեր 2-ում ներկայացված տվյալները` կարող ենք նշել, որ ժողովրդավարության մակարդակի ինդեքսը, ընդհանուր առմամբ, ունի դրական աճի միտում, և որոշակի տատանումներով այն տարեցտարի բարելավել է իր ցուցանիշները: Նկատելի է, որ դիտարկվող ժամանակահատվածի առաջին հատվածում տատանումներն ավելի հաճախակի են, քան երկրորդում:
Մասնավորապես, սկսած 2002թ. ինդեքսների աճի միտումն ավելի հարթ է ընթանում, ինչը նշանակում է, որ վերջին տասնամյակում Հայաստանում ժողովրդավարությունը դարձել է առավել կոնսոլիդացված: Չնայած ՔԳԻ-ի նվազագույն ցուցանիշը եղել է 2008թ., այնուամենայնիվ, ի հաշիվ սոցիալական (ՍԳԻ), տնտեսական (ՏԳԻ) և կրթական (ԿԳԻ) գործոնների ինդեքսի աճի, ԺՄԻ-ի նվազում չի դիտվել:
Երկրորդ հատվածի միակ կտրուկ անկումը տեղի է ունեցել 2009թ. ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով, որը, անշուշտ, բացասական ազդեցություն է ունեցել ժողովրդավարական գործընթացների, մասնավորապես` տնտեսական և սոցիալական ոլորտների վրա: Մինչ տնտեսական ճգնաժամը 1999թ. և 2001թ. տեղի է ունեցել ԺՄԻ-ի ևս երկու անկում, որոնցից առաջինը պայմանավորված էր հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ահաբեկչությամբ և տնտեսական ցուցանիշների նվազմամբ, իսկ երկրորդը՝ ՏԳԻ-ի և ՍԳԻ-ի միաժամանակյա կտրուկ անկմամբ: 1995թ. արձանագրվել է ԺՄԻ-ի նվազագույն միավորը (0,362), իսկ 2012թ.՝ առավելագույնը (0,558):
Տեղին է նշել, որ չնայած 2012թ. խորհրդարանական ընտրությունների հետևանքով արձանագրած արդյունքները բացասական ազդեցություն ունեցան և հանգեցրին ՔԳԻ-ի անկմանը, քանի որ ՀՀ նախագահի կուսակցությունը բացարձակ մեծամասնություն ձեռք բերեց խորհրդարանում, այնուամենայնիվ, ԺՄԻ-ի նվազում տեղի չունեցավ՝ ի հաշիվ տնտեսական, սոցիալական, կրթական և առողջապահական գործոնների ինդեքսների համակցված աճի:
ԺՄԻ տատանումների ցածր մակարդակը (ստ. շեղ. =0,06, միջին = 0,5) վկայում է, որ Հայաստանում անցումը դեպի ժողովրդավարություն տեղի է ունենում սահուն և առանց ցնցումների:
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԻՆԴԵՔՍԻ ՌԵԳՐԵՍԻՈՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ
Հետազոտության շրջանակներում ռեգրեսիոն վերլուծության միջոցով դուրս են բերվել մոդելում ընդգրկված այն փոփոխականները, որոնք առավել նշանակալի ազդեցություն ունեն Հայաստանի ժողովրդավարության մակարդակի վրա:
Ստացված տվյալների համաձայն` մոդելում ընդգրկված քաղաքական ցուցանիշներից նշանակալի կապ է հաստատվել ԺՄԻi-ի և քաղաքական իրավունքների ու քաղաքացիական ազատությունների ինդեքսի, քաղաքական կայունություն/բռնության բացակայություն և օրենքի գերակայություն փոփոխականների միջև.
Y’ = 0,014x1 – 0,079 (Adj. R2=0,596),
որտեղ` Y’-ը ԺՄԻi-ն է (ԺՄԻ, որից դուրս է բերվել օրենքի գերակայություն փոփոխականը), x1-ը՝ օրենքի գերակայությունը:
Y’ = 0,004x2 + 0,33 (Adj. R2=0,538),
որտեղ` Y’-ը ԺՄԻi-ն է (ԺՄԻ, որից դուրս է բերվել քաղաքական կայունություն/ բռնության բացակայություն փոփոխականը), x2-ը՝ քաղաքական կայունություն/ բռնության բացակայությունը:
Y’ = 0,093x3 + 0,06 (Adj. R2=0,351),
որտեղ` Y’-ը ԺՄԻi-ն է (ԺՄԻ, որից դուրս է բերվել քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների ինդեքսը), x3-ը՝ քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների ինդեքսը:
Մոդելում ընդգրկված տնտեսական գործոններից նշանակալի կապ է հաստատվել ԺՄԻi-ի և 1 շնչի հաշվով ՀԱԱ-ի ու առևտրաշրջանառության միջև.
Y’ = 0,005x4 + 0,392 (Adj. R2=0,731),
որտեղ` Y’-ը ԺՄԻi-ն է (ԺՄԻ, որից դուրս է բերվել ՀԱԱ-ն 1 շնչի հաշվով), x4-ը` ՀԱԱ-ն 1 շնչի հաշվով ($100):
Y’ = -0,006x5 + 0,873 (Adj. R2 = 0,428),
որտեղ` Y’-ը ԺՄԻi-ն է (ԺՄԻ, որից դուրս է բերվել արտաքին առևտրաշրջանառությունը), x5-ը՝ արտաքին առևտրաշրջանառությունը (% ՀՆԱ-ի նկատմամբ):
Սոցիալական գործոնների ինդեքսում նշանակալի կապ է դիտվել ԺՄԻi–ի և Ջինի գործակցի միջև.
Y’ = -0,49x6 + 0,695 (Adj. R2 = 0,776),
որտեղ` Y’-ը ԺՄԻi-ն է (ԺՄԻ, որից դուրս է բերվել Ջինի գործակիցը), x6-ը՝ Ջինի գործակիցը:
Այսպես, քաղաքական գործոններից Հայաստանի ժողովրդավարության վրա նշանակալի ազդեցություն ունեն քաղաքական կայունություն և օրենքի գերակայություն փոփոխականները, որոնց դրական փոփոխությունը մեկ միավորով կբերի ԺՄԻi-ի աճին` համապատասխանաբար 0,004 և 0,014 միավորներով: Նշված փոփոխականները պայմանավորում են կախյալ փոփոխականի տատանումների 54-60%-ը: Քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների ինդեքսի փոփոխությունը մեկ միավորով կպայմանավորի ԺՄԻi-ի փոփոխությունը 0,09 միավորով:
Ժողովրդավարության վրա ազդում են նաև ՀԱԱ-ն և առևտրաշրջանառությունը: 1 շնչի հաշվով ՀԱԱ-ի աճը 100 դոլարով, իսկ արտաքին առևտրաշրջանառության նվազումը 1%-ով ՀՆԱ-ի նկատմամբ կհանգեցնեն ԺՄԻi-ի աճին` համապատասխանաբար 0,005 և 0,006 միավորներով: Առանձնակի ուշադրության է արժանի առևտրաշրջանառության բացասական ազդեցությունը ԺՄԻi-ի վրա: Հնարավոր պատճառներից է Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության մեջ առկա անհավասարակշռությունը: Առևտրաշրջանառության բացասական մնացորդը մեր տնտեսության խնդիրներից է, որը, անշուշտ, վնասում է ներքին շուկային:
Սոցիալական ցուցանիշներից Ջինի գործակցի նվազումը 0,1 միավորով կհանգեցնի ԺՄԻi-ի աճին 0,05 միավորով՝ պայմանավորելով կախյալ փոփոխականի տատանումների 78%-ը:
Հայաստանում ժողովրդավարության կոնսոլիդացման գործընթացում դրական տեղաշարժի ապահովման նպատակով անհրաժեշտ է ուշադրության կենտրոնում պահել նախ և առաջ վերոհիշյալ գործոնները:
Հետազոտությունը հասանելի է նաև Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի կայքում:
«Անվտանգության քաղաքականությունների քննարկումների բարելավումը Հայաստանում» ծրագիր (NED)