Լրահոս
Օրվա լրահոսը

Որպեսզի մարդասպանություն չլինի, պահանջում են, որ ՃՈ-ն ներկա լինի մինչեւ 50 հազար դրամանոց վթարների արձանագրությանը (Տեսանյութ)

Փետրվար 22,2016 15:43

«Ավտովարորդների պաշտպանության լիգա» հասարակական կազմակերպությունը դեմ է ԱՊՊԱ համակարգում այն փոփոխությանը, ըստ որի, մարտի 1-ից գործելու է համաձայնեցված հայտարարագրի նոր ձեւ: Ըստ այդմ, ճանապարհատրանսպորտային պատահարների մասնակից վարորդները կարող են չսպասել ապահովագրական ընկերություններին եւ հեռանալ դեպքի վայրից՝ լրացնելով համապատասխան հայտարարագիր եւ լուսանկարելով պատահարի մանրամասները: Այս հայտարարագիրը լրացվելու է առանց ապահովագրական ընկերության եւ ճանապարհային ոստիկանության`ՃՈ համաձայնության, բայց այն դեպքերում, եթե հատուցման չափը չի գերազանցում 50 հազար դրամը:

Նշենք, որ այս փոփոխության նպատակն է խցանումների նվազեցումը:

«Ավտովարորդների պաշտպանության լիգայի» անդամներն այսօր «Նոյյան Տապան» մամուլի ակումբում կարծիք հայտնեցին, որ փոփոխությունն անհեթեթություն է:

Ասուլիսի մասնակից եւ լիգայի անդամ Պողոս Օղլուկյանն ասաց. «Այս փոփոխությունը մի պատրվակ է, որպեսզի իրենց կեղտոտ գործունեությունը թաքցնեն: Այն ժամանակ, որ վթարներն էին լինում, ԱՊՊԱ-ն ու ճանապարհային ոստիկանը գալիս էին, այդ դեպքերում, նույնպես լինում էին մեծ կարգի խախտումներ: Մեր ազգի մենթալիտետն իմանալով, երբեք հնարավոր չէ 2 վարորդ որոշեն՝ թե վնասի չափը 50 հազա՞ր է, թե՝ ոչ. պարտադիր կլինեն վեճեր, կռիվներ, նույն էդ խցանումները չեն վերանալու: Սա մի հատ անհեթեթ օրենք է, երեւի էդ մարդիկ փոքր ժամանակ հեծանիվ էլ չեն քշել, չեն իմանում ոնց է համակարգը աշխատելու: Իմ կարծիքով՝ առանց ճանապարհային ոստիկանի ընդհանրապես հնարավոր չէ այդ հարցը լուծել»:

«Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանն էլ առաջարկեց, որ այս փոփոխության իրականացման գործընթացում ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները թող ներկա չլինեն, բայց ՃՈ ներկայացուցիչն անպայման ներկա լինի, արձանագրի դեպքը, իսկ վարորդներն էլ անպայման պահանջեն արձանագրությունը. «Թե չէ ԱՊՊԱ-ն ինչ ասես՝ անում է. գնահատում է մեքենան ու խոտանում, ասում ենք, էս մեքենայի մաքսազերծման գինը 3000 դոլար է, դու խի՞ ես 1000 դոլար գնահատել»:

Aravot.am-ի այն հարցին, որ այսօր վարորդներից շատերը գերադասում են իրար մեջ խնդիրը լուծեն, առանց միջնորդների, առավել եւս ՃՈ ներկայացուցչի, եթե միայն ՃՈ ներկայությունն են պահանջում, արդյոք սա կոռուպցիայի տեղիք չի տալու, ասուլիսի մասնակից, լիգայի անդամ Մխիթար Օհանյանն ասաց. «ԱՊՊԱ-ներն իրենց շահերից ելնելով են աշխատում, ԱՊՊԱ-ն ներդրվեց, որպեսզի խցանումները չլինեն, վարորդների միջեւ վեճերը կրճատվեն, հիմա սա ավելի խիստ ձեւով է արտահայտվում, վեճը տեղափոխվում է մի քանի առանցք՝ դատարան, տարբեր ապահովագրական ընկերությունների միջեւ՝ իրար չհասկանալով»:

Պողոս Օղլուկյանն էլ, ի պատասխան մեր հարցի, ասաց. «Ես դեմ եմ, որովհետեւ եթե մենք լինեինք եվրոպացու նման մտածող ազգ, որը էն մակարդակին է, որ էդ 50 հազար դրամի համար հաստատ իրար ապտակ չէին տա, բայց էսօր դուք պատկերացնո՞ւմ եք, մեր հայերը բոլորը գիտունիկներ են, մենք միշտ վթարը պատկերացնում ենք՝ մեկն եկավ հետեւից խփեց, էն ասեց՝ լավ մեղավոր եմ: Տենց չի»:

Մանրամասն՝ տեսանյութում

Պողոս Օղլուկյանը, որպես իր դիրքորոշման ճշմարտացիության ապացույց, այսինքն, որ ՃՈ ներկայացուցիչն անպայման ներկա լինի, նշեց, որ մինչեւ ԱՊՊԱ ներդնելը, իր խոսքերով ասած՝ «դաժե» մարդասպանություն էր լինում. «Հիշեք իմ խոսքերը, էդ 50 հազարի համար ինչ բողոքներ, դատական գործեր են լինելու: Դրա համար եմ ուզում ՃՈ ներկայությունը, որ մարդկանց մեջ թշնամություն չլինի, խցանումներից էլ ազատվենք»:

Մանրամասն՝ տեսանյութում

Ասուլիսի բանախոսները նաեւ վրդովմունք հայտնեցին, թե ինչո՞ւ է որոշվել փոփոխությունը տարածել միայն մինչեւ 50 հազար դրամանոց վթարների վրա, ինչո՞ւ 1000 կամ 3000 դոլարանոց վթարների վրա չի տարածվում:

Aravot.am-ը բանախոսներին հիշեցրեց, որ կարծիք է հնչել, որ գումարի շեմը հետագայում բարձրացվելու է մինչեւ 500 հազար, օրինակ ՌԴ-ում մինչեւ 1000 դոլար է:

Aravot.am-ը 10 վարորդներից կարծիք հարցրեց այս փոփոխության մասին, բոլորը գոհ էին եւ դրական արտահայտվեցին: Արշակ Մարտիրոսյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց՝ իր հետ դեպք է պատահել, որ չնչին խազ է եղել եւ իրենք վարորդներով կարող էին համաձայնության գալ, բայց քանի որ այս փոփոխությունը դեռ կատարված չէր, ստիպված էին 40 րոպե սպասել ԱՊՊԱ-ի եւ ոստիկանության ժամանմանը. «Հիմա շանս կա արագ հարցը լուծել, էլ դես ու դեն չընկնել»:

Մեկ այլ վարորդ էլ նշեց. «Լավ փոփոխություն է, եթե վարորդները լեզու չեն գտնի, նոր կարան ԱՊՊԱ կանչեն, բայց ստից վթարների ժամանակ, հիմնականում լեզու գտնում ենք»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29