Իրեն պատմափիլիսոփայության դոկտոր հռչակած Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կրկին ընտրվել է Գորիսի պետական համալսարանի կառավարման խորհրդի նախագահ:
Կրթության եւ գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը տարօրինակ եւ անարդար համարեց Aravot.am-ի հարցը՝ արդյոք մարզպետը բավարարո՞ւմ է այն չափանիշները, որ անհրաժեշտ են խորհրդի նախագահ լինելու համար:
«Ինչքան հիշում եմ, ինքը միշտ էլ Գորիսի համալսարանի կառավարման խորհրդի անդամ եւ նախագահ է եղել, զարմանում եմ, թե այդ հարցն ինչու է հիմա ձեզ մոտ ծագել, երբ ինքն ամբողջ կյանքում եղել է, բացառությամբ մեկ-երկու տարին»,-ասաց փոխնախարարը:
Ապա հավելեց, որ այդ համալսարանը ժամանակին ԵՊՀ մասնաճյուղ է եղել, եւ նրա ձեւակերպմամբ, հենց Սուրիկ Խաչատրյանի շնորհիվ է դարձել ինքնուրույն համալսարան: «Ինքը շատ ներդրումներ է արել համալսարանում, ինքը նայում է համալսարանը, բարելավել է կորպուսները, դրա համար էլ միաձայն իրեն են ընտրել: Ես հասկանում եմ՝ ինչո՞ւ է այդ հարցը ձեր մոտ ծագել: Բայց, մյուս կողմից էլ, երբ մարզպետներն են դառնում խորհրդի նախագահ, բուհերի համար դա օգտակար է լինում»,-ասաց պարոն Մկրտչյանը
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Գորիսի համալսարանի նախկին ռեկտոր, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրա Սաֆարյանը ժամանակին ընդդիմացել էր, երբ լսել էր, որ Սյունիքի մարզպետին ցանկանում են խորհրդի նախագահ դարձնել՝ ասելով, որ մարզպետի ինտելեկտն ու կրթական ցենզը չեն բավարարում:
Խոսելով Սուրեն Խաչատրյանի ձեռագրի մասին էլ, պարոն Սաֆարյանը նշել էր, թե այդ մարդը տզրուկի նման ծծում է սյունեցիների արյունը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ