Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում փետրվարի 22-ին դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ շարունակվում էր Թեւոս Սաֆարյանի (Թեւոսիկ) եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործի քննությունը:
Դատական նիստի ընթացքում հրապարակվեցին ապացույցները: Ամբաստանյալ Իսրայել Սարգսյանի ներկայացուցիչ Հեկտոր Սարդարյանը հայտարարեց, թե ապացույցները հրապարակելիս ընդհանուր պատկերը չի փոխվում. «Հայտնաբերված արյունը իրենից ներկայացնում է այնքան փոքր կաթիլներ, որ նույնիսկ հնարավոր չի եղել ուսումնասիրել: Ինչպե՞ս հնարավոր է սպանություն տեղի ունենար եւ արյան հետքեր չլինեին: Պետք է տեղը ֆիքսվեր, այն հատվածը»:
Դատական նիստի ընթացքում հրապարակվեցին նաեւ քննչական փորձարարության արդյունքները: Փորձարարության ընթացքում անկենդան խոզին նետել են դիտահորի մեջ՝ ուսումնասիրելու նպատակով, խոզը չի հայտնաբերվել:
Այս առնչությամբ ամբաստանյալ Իսրայել Սարգսյանը հանդես եկավ հայտարարությամբ. «Ժամանակին քննչական ապարատը մեղադրանքը ներկայացնելիս ուզեցել է իմիտացիա կատարել, որ ինչ էլ գցես այդ կոյուղի, չի հայտնաբերվի: Այդ ընթացքում կոյուղի է գցել երկու-երեք հատ մեծ խոզ է, եւ իրենց ասել է, որ այդ խոզերը ընթացքում չեն հայտնաբերվի: Բայց կարող եմ ասել, որ այդ ժամանակ այնտեղ եղել են արտակարգ իրավիճակների նախարարության աշխատողներ, Ջրմուղի աշխատողները, եւ այդ ժամանակ խոզերից մեկը հայտնաբերվել է, եւ այդ հայտնաբերվածի մասին այստեղ ոչ մի բան չի ասվում: Ես խնդրում եմ, որ դատարանը միջնորդություն անի, որ մարդիկ կան, կասեն, որ իրականում այդ խոզը հայտնաբերվել է, ու Ջրմուղում աշխատողները կարող են ասել: Որ իզուր կարծիք չկազմվի, թե ինչ գցում են, կորում գնում է»:
Կարդացեք նաև
Մեղադրողը պատասխանեց, որ իրականացված միջոցառումների արդյունքում, գտնվելու փաստ չի արձանագրվել: Եվ հրապարակվածը վերջին տվյալները չեն:
Հիշեցնենք՝ ըստ մեղադրանքի, Իսրայել Սարգսյանը կազմակերպել եւ օժանդակել է Մովսես Ներսիսյանի կողմից «Թեւոսիկի»՝ Թեւոս Սաֆարյանի եղբայր Արթուր Սաֆարյանի սպանության կատարումը, ապա հանցանքը թաքցնելու նպատակով սպանել էր Մովսես Ներսիսյանին:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ