Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Քոչարյան. «Անգամ եթե հարազատ եղբայրս խնդրի անվճար PR անել՝ չեմ կարող»

Փետրվար 22,2016 15:05

«Այսօր շատերին՝ նույնիսկ քաղաքական գործիչներին դեռ թվում է, թե սպիտակ PR-ը գովեստն է, իսկ սևը՝ ցեխ շպրտելը: Սև PR-ը կարող է դրական ազդեցություն ունենալ»-այսօր այս մասին «Տեսակետ» մամուլի ակումբում խոսեց քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Նա նշեց, որ մի ամսում կարելի է իմիջ կորցնել, սակայն ձեռք բերել հնարավոր չէ. «Ինձ համար շատ ծիծաղելի է, երբ դրսից են ուզում բերել PR մասնագետներ. PR-ի կանոններից մեկն այն է, որ մասնագետը պետք է լինի տեղացի, որ ծանոթ լինի հասարակությանը, մենթալիտետին, որը դրսից եկած մարդը չի կարող ուսումնասիրել 1-2 ամսում: Ամերիկացիները, ռուսները, հոլանդացիները կարող են գալ այստեղ, օգնել կոնսուլտացիոն բնույթի հարցերով, բայց եթե տեղում չաշխատի տեղի մասնագետ, նրանք արդեն դառնում են զրո»:

Տեխնոլոգը նկատեց, որ Հայաստանում քաղաքական PR-ը ծիծաղելի է. «Մեզ մոտ կարողացավ PR անել ՀՀՇ-ն 2007-2008 թթ. ընտրություններին՝ երբ տնից տուն բաժանում էին Լևոն Տեր- Պետրոսյանի ելույթը սկավառակներով: Րաֆֆի Հովհաննիսյանն էլ կարողացավ իր ձեռք սեղմելով PR անել, սակայն մի աղոթքով նա գետնին հավասարեցրեց այդ իմիջը»:

Ըստ նրա, մեզ մոտ չկա քաղաքական PR-ի ճիշտ ռազմավարություն. «Մեզ մոտ ավելի շատ ճգնաժամային PR է: Երբ հասնում է դանակը ոսկորին, նոր դիմում են «փիառշիկներին»: Ամբողջ աշխարհում հայտնի է, որ ընտրություններին պետք է սկսել պատրաստվել ընտրությունների հաջորդ օրը, մեզ մոտ PR-ը սկսվում է ծայրահեղ դեպքում ընտրություններից վեց ամիս առաջ»:

Քաղտեխնոլոգն ավելացրեց, որ դրսում մեր երկիրը չեն ճանաչում. «Նույնիսկ Ցեղասպանության 100-ամյա տարելիցը չնպաստեց, որ Հայաստանին աշխարհում ճանաչեն, և շատ հաճախ է պատահում, որ մեր երկիրը շփոթում են Ալբանիայի կամ Ռումինիայի հետ. Արամ Խաչատրյանից ու Շառլ Ազնավուրից բացի՝ այսօր ամենուժեղ հայ կերպարը ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն է»:

Այն հարցին, թե կա արդյոք Հայաստանում PR մշակույթ, Կարեն Քոչարյանը պատասխանեց, որ կա, սակայն սաղմնային փուլում է գտնվում. «Ճիշտ է, վերջին տարիներին սկսել են ուշադրություն դարձնել PR-ի վրա: Անգամ պետական մարմիններում ստեղծվեցին հասարակայնության հետ կապերի վարչություններ, սակայն խնդիրը նրանում է, որ մեզ մոտ չկան կամ քիչ են մասնագիտացված կազմակերպությունները»:

Վերջում պարոն Քոչարյանը հավելեց, որ PR ծառայությունները թանկ արժեն, սակայն լավ բան ստանալու համար պետք է լավ վճարել. «Անգամ եթե հարազատ եղբայրս խնդրի անվճար PR անել՝ չեմ կարող: Քանի որ դա մի հոգու աշխատանք չէ: Դա թիմային և բավականին մեծ, ծավալուն և ծախսատար աշխատանք է»:

Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29