Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի և լրագրողների միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Փետրվար 22,2016 14:29

Փետրվարի 19-ին՝ Ազգային ժողովի արտահերթ նիստի օրը, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը լրագրողների հետ առնչվելիս ծայրահեղ լկտի պահվածք է դրսեւորել։ Նախ՝ նա, նկատելով խորհրդարանի միջանցքում հավաքված թղթակիցներին, նրանց համար լսելի ձայնով ասել է. «էս ի՞նչ նախիր ա», այնուհետեւ՝ երբ ԶԼՄ-ների ներկայացուցիչները բացատրություն են պահանջել, պատգամավորը փորձել է անմեղ ձեւանալ, իսկ հետո սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել լրագրողներից մեկի հասցեին։ Չբավարարվելով դրանով, Մհեր Սեդրակյանը փորձել է տանել նրան «առանձնազրույցի»։

Հիշեցնենք, որ նույն պատգամավորն առաջին անգամ չէ, որ նման վարք է դրսեւորում խորհրդարանում հավատարմագրված լրագրողների նկատմամբ։ Այսպես, 2012 թվականի դեկտեմբերի 19-ին նա «ծնոտ պոկելու» սպառնալիքով ու այլ անվայել արտահայտություններով էր արձագանքել «Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանի՝ հարց տալու փորձին, իսկ 2014 թ. մայիսի 22-ին փողոցային հայհոյանք էր հնչեցրել «Tert.am» կայքի թղթակցի հասցեին։ Թեեւ Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովն անդրադարձել է Մհեր Սեդրակյանի վարքին ու որոշել, որ նա, վիրավորելով «Ա1+»-ի լրագրողին, խախտել է պատգամավորական էթիկան, դա, ինչպես երեւում է, որեւէ ազդեցություն չի ունեցել ՀՀԿ-ականի վրա։

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, արտահայտելով մեր վրդովմունքը Մհեր Սեդրակյանի նողկալի վարվելակերպի առնչությամբ, ինչպես նաեւ հաշվի առնելով, որ նման դեպքեր բազմիցս են տեղի ունեցել՝ նաեւ այլ պատգամավորների ու պաշտոնյաների մասնակցությամբ, պահանջում ենք.

– Հանրապետական կուսակցության ղեկավարությունից՝ քննարկել իրենց կուսակցի հարցն ու պատասխանատվության ենթարկել նրան՝ հորդորելով ինքնակամ վայր դնել պատգամավորական մանդատը,

– Ազգային ժողովի նախագահից եւ ՀՀԿ խմբակցությունից՝ հրապարակավ դատապարտել այս պատգամավորի վարքը, ներողություն խնդրել ԱԺ-ում հավատարմագրված բոլոր լրագրողներից, ում վիրավորանք է հասցվել, եւ երաշխիքներ տալ, որ նման դեպքեր այլեւս չեն կրկնվի,

Եթե մեր այս պահանջները չիրականացվեն, մենք հիմք ենք ունենալու արձանագրելու, որ Հանրապետական կուսակցության եւ իշխանության տարբեր օղակների համար նորմ է Մհեր Սեդրակյանի եւ նրա նմանների վարքագիծը: Եվ քանի որ Հայաստանի իշխանություններն ի զորու չեն կամ չեն ցանկանում պաշտպանել լրագրողներին տարաբնույթ սպառնալիքներից, ճնշումներից ու ոտնձգություններից, մենք ստիպված ենք լինելու ապավինել միջազգային հանրությանը՝ կոչ անելով անհատական պատժամիջոցներ կիրառել՝ ինչպես դա արվում է այն անձանց նկատմամբ, ովքեր պարբերաբար ու ցուցադրաբար խախտում են օրենքները, դրա համար պատասխանատվության չենթարկվելով սեփական երկրում։

 

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ (ՆԱԽԿԻՆ «ԻՆՏԵՐՆՅՈՒՍ»)

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29