«Այսօր խմբակցության նիստում մեր գործընկեր Վահան Բաբայանը տեղեկացրեց, որ ինքը հրաժարական է ներկայացնում ԲՀԿ մամուլի խոսնակի պաշտոնից եւ խմբակցությունը հարգեց պարոն Բաբայանի այդ որոշումը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:
Հիշեցնենք, Վահան Բաբայանը մեր զրույցում ասաց, որ հավանաբար հրաժարական կտա`անձնական պատճառներով: Քիչ առաջ, իր ֆեյսբուքյան էջում նա արդեն գրառում է կատարել իր հրաժարականի մասին:
«Առաջիկայում խմբակցությունը կքննարկի եւ մենք մեր գործընկեր-լրագրողներին կներկայացնենք ԲՀԿ մամուլի նոր խոսնակին»,- ասաց Վահե Էնֆիաջյանը:
Պատճառների մասին նա եւս չցանկացավ խոսել. «Դրանք մեր ներկուսակցական խնդիրներն են եւ ես չեմ կարծում, որ դրանք պիտի դառնան մամուլի քննարկման առարկա»:
Կարդացեք նաև
Ճշտող հարցին ի պատասխան`դա կապ ունի՞ այն հանգամանքի հետ, որ Վահան Բաբայանը «կողմ» էր ՀՀԿ-ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելուն, մեր զրուցակիցը ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց: Միայն կրկնեց, որ ինքը չի կարծում, թե ներԲՀԿ-ական խնդիրները պետք է մամուլով քննարկեն. «Վահան Բաբայանը մեր գործընկերն է, մեր ընկերն է, բայց նա հրաժարական է ներկայացրել մամուլի խոսնակի իր պաշտոնից եւ խմբակցությունը հարգել է պարոն Բաբայանի որոշումը»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ