ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Արման Թաթոյանը պատասխանում է պատգամավորների հարցերին:
Էդմոն Մարուքյանը նրան հարցրեց, թե խմբակցությունների հետ հանդիպե՞լ է՝ ակնկալելով նրանց ձայնը, բա խմբակցություններում չընդգրկված պատգամավորների հետ ինչո՞ւ չի փորձել հանդիպել. «Խորհրդարանն ունի խմբակցություններում չընդգրկված 7 պատգամավոր: ԱԺ-ում կա տրադիցիա՝ ՀՀ վարչապետը կառավարության ծրագիրը քննարկելիս հանդիպում է խմբակցություններում չընդգրկված պատգամավորների հետ: Գլխավոր դատախազի թեկնածուն, Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածուն, Սահմանադրական դատարանի անդամի թեկնածուն, բոլորը հանդիպել են: Ինչու չի նախաձեռնվել ձեր թեկնածությունը հաստատվելուց հետո նման հանդիպում: Ես կարծում եմ, դա անհարգալից վերաբերմունք է: Դուք չեք ակնկալում այդ մարդկանց ձայնը, այսինքն, այդ մարդկանց հետ հաշվի չեք նստում: Մեկ պատգամավորը 60 հազարից ավելի ընտրողների տարածք է ծածկում, կարող ենք ասել, որ մոտ 420 հազար մարդու դուք չեք հանդիպել»:
Արման Թաթոյանը պատասխանեց, որ շատ հարգանքով է վերաբերում Մարուքյանին եւ ոչ հարգալից որեւէ մեկի նկատմամբ իրեն չի դրսեւորում. «Պատրաստ եմ ընտրվելուց հետո պարբերական հանդիպումների թե՛ խորհրդարանական հանձնաժողովներում, թե՛ առանձին պատգամավորների հետ»:
Կարդացեք նաև
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ իր կողմից ավելացրեց, որ երեւի թյուրիմացություն է եղել, որեւէ միտում չի եղել չհանդիպելու:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ