Փետրվարի 20-ին Գորիսի պետական համալսարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ համալսարանի Կառավարման խորհրդի այս տարվա անդրանիկ նիստը, որին, բացի Խորհրդի անդամներից, ներկա էր նաև ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:
Նիստը վարում էր ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը: Օրակարգում դրված առանցքային հարցերից էր ԳՊՀ-ի Կառավարման խորհրդի նոր նախագահի ընտրության հարցը: Առաջադրվեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի թեկնածությունը: Խորհրդի անդամների փակ գաղտնի քվեարկության արդյունքում միաձայն ԳՊՀ-ի Կառավարման խորհրդի նախագահ վերընտրվեց ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:
Շնորհակալություն հայտնելով ներկաներին ցուցաբերած վստահության համար ՝ Սուրիկ Խաչատրյանը կարևորեց ԳՊՀ-ի ռազմավարական դերը տարածաշրջանում` ներկայացնելով համալսարանի ստեղծման դժվարին ճանապարհը, ինչպես նաև ավելացրեց, որ ավելի լուրջ և հեռանկարային ծրագրեր կան համալսարանի գիտական և մշակութային կյանքի զարգացման համար:
«Մեր առջև դրված խնդիրները հստակ են, որոնց լուծման համար միասնական և արդյունավետ աշխատանք է պահանջվում: Համոզված եմ, որ համատեղ աշխատանքի արդյունքում մեծ ձեռքբերումներ կունենանք »,- նշեց Սուրիկ Խաչատրյանը:
Կարդացեք նաև
Հաստատվեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի`Գորիսի պետական համալսարանի կառավարման խորհրդի կազմում փոփոխություններ կատարելու մասին որոշումը:
2015թ. կատարված աշխատանքների մասին հաշվետվությամբ հանդես եկան ԳՊՀ-ի պրոռեկտոր Զ. Գրիգորյանը և գլխավոր հաշվապահ Ռ. Թապտուղյանը: ԳՊՀ-ի առաջիկա անելիքների և խնդիրների մասին զեկուցումով հանդես եկավ ռեկտորի պաշտոնակատար Ա. Ղուկասյանը:
Կարևորվեց համալսարանի «Գիտական տեղեկագիր» ունենալու հարցը: Առաջիկայում աշխատանքներ կտարվեն նաև համալսարանում ասպիրանտական կրթություն ներդնելու ուղղությամբ: Նշվեց, որ առաջիկայում կանցկացվի նաև ռեկտորի ընտրություն:
Սյունիքի մարզպետարան