«Եկեք էս մի անգամ թարգեք, մյուս անգամ կանեք»,- այսօր խորհրդարանի միջանցքներում լրագրողներին նման հորդորով էր դիմում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Այդպիսով նա փորձում էր պաշտպանել իր ընկերոջը` Մհեր Սեդրակյանին:
Հիշեցնենք, Մհեր Սեդրակյանն օրերս լրագրողներից մեկին «հաշիվ մաքրելու» էր կանչում: Տեսանյութերում նաեւ երեւում է, թե ինչպես է պատգամավորը կիսաձայն հայհոյում լրագրողին: Խորհրդարանում հավատարմագրված լրագրողներն այդ առիթով ստորագրահավաք են նախաձեռնել, որով կոչ են անում ԱԺ խմբակցություններին եւ անհատ պատգամավորներին` դատապարտել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի պահվածքը:
«Այդպիսով պատգամավորներն ու խմբակցությունները հնարավորություն կունենան հասարակությանը ցույց տալու, որ հավատարիմ են բարձր արժեքներին, գիտակցում են մամուլի կարևոր դերը պետության հասարակական-քաղաքական կյանքում և ընկալում են քաղաքավարության ու էթիկայի՝ առաջադեմ մարդկությանը բնորոշ կանոնները։ Կարծում ենք, որ պատգամավորների համար պետք է որ նույնքան վիրավորական լինի այն պատկերացումը, թե իրենց գործունեությունը լուսաբանվում է «նախիրի» կողմից և որ պատգամավորները հանրության հետ հաղորդակցվում են «նախիրի» միջոցով։ Համոզված ենք, որ Ազգային ժողովի պատգամավորների շրջանում կան մարդիկ, որ ունակ են խորությամբ ընկալել այս տեքստում առկա մտքերն ու համարժեքորեն արձագանքել մեր առաջարկությանը։ Այս նպատակով իրականացնում ենք ստորագրահավաք»,- ասված է տեքստում։
Վաղը լրագրողները նաեւ նախատեսում են խորհրդարանի դիմաց ակցիա անցկացնել:
Կարդացեք նաև
Այս պահին ստորագրահավաքին միացել են Նիկոլ Փաշինյանը, Թեւան Պողոսյանը, Լյուդմիլա Սարգսյանը եւ Վահե Էնֆիաջյանը:
Լրագրողներից մեկի հարցին` իր համար ընդունելի՞ է պատգամավորի նման պահվածքը, Սամվել Ալեքսանյանը պատասխանեց. «Դե լրագրողները մեկ-մեկ դավադիտ են անում: Իմ ընկերը չի հայհոյել, ես չեմ հավատում»,- ասաց նա: Դիտարկմանը, որ տեսանյութերում լսվում է, Սամվել Ալեքսանյանը չարձագանքեց:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ