«Հայտարարությունները պետք է դիտարկել ոչ թե որպես սկզբունքային երեւույթներ, այլ դրանք ավելի շատ կարեւոր են Արցախի խնդրի կարգավորման տեսանկյունից, որովհետեւ նույն Ռուսաստանը համանախագահներից մեկն է. նա կարեւոր դերակատարում ունի: Այ, եթե Թուրքիան մեղադրում է միջնորդներից մեկին, որ ունի միակողմանի մոտեցում, սա արդեն դիվանագիտական էթիկայի խախտում է՝ պայմանավորված դիվանագիտական հարաբերություններով»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի՝ Կիեւում արած հայտարարությանը, թե Ռուսաստանը, աջակցելով Հայաստանին, սպառնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, ասաց թուրքագետ, ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
Նա նշեց, որ այդպես Թուրքիայի նկրտումը՝ դառնալ Ղարաբաղյան խնդրի լուծման միջնորդներից մեկը, արդեն ակնհայտ իրականություն չի դառնա. «Ռուսաստանը թույլ չի տա դա»: Ըստ թուրքագետի՝ այս հայտարարությանը պետք է հաջորդեր մեր դիվանագիտական կորպուսի պատասխանը, այս հարցում լռելն ու չեզոքություն պահելը սխալ էր. «Ես կարծում եմ, որ եթե նա վիրավորում է Հայաստանին, նսեմացնում է Հայաստանի նշանակությունը, դրան պետք է հակադարձեինք: Սա առօրյա դիվանագիտության խնդիր է: Ոչ ոք իրավունք չունի մեր երկրի հեղինակության հետ խաղալ, նման հայտարարություն անել: Եթե երկրին զրպարտում են, պետք է պատասխանել»:
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
20.02.2016