Լրահոս
Օրվա լրահոսը

Կայանալու արվեստը. Համեմատությունները մարդկանց բաժանում են

Փետրվար 22,2016 15:30

Պետության հիմքը համերաշխությունն է եւ համատեղ բարի նպատակները

13-14-րդ դարի գերմանացի միստիկ փիլիսոփա Մայստեր Էքհարդն իր զրույցներում ներկայացնում է ճշմարտությունը փնտրող մարդու պատմություն, որը, ցավոք, չեմ կարող գրական թարգմանությամբ ներկայացնել, բայց իմաստը հետեւյալն է: Այդ մարդը հանդիպում է տաճարի մոտ կանգնած մի աղքատի, որի ոտքերը ծածկված էին վերքերով, եւ որի հագուստը երեք գրոշ էլ չարժեր: «Բարի լույս»,- ասում է ճամփորդը: «Իմ լույսը երբեք ոչ բարի չի եղել»,- պատասխանում է աղքատը: «Թող քեզ Աստված երջանկություն պարգեւի, ինչո՞ւ ես դու ինձ այդպես պատասխանում»: Աղքատն առարկում է. «Ես երբեք դժբախտ չեմ եղել»: Եվ նորից Ճամփորդը հարցնում է. «Հանուն քո երանության, ասա՝ ինչո՞ւ ես դու այդպես պատասխանում», ու նրա զրուցակիցն ասում է. «Ես երբեք ոչ երանության մեջ չեմ եղել»:

Եվ ի վերջո նա բացատրում է. «Առավոտն ինձ համար չի կարող ոչ բարի լինել, որովհետեւ անկախ նրանից՝ ես սոված եմ մնում, վիշտ կամ խայտառակություն եմ տանում, ես միշտ գովերգում եմ Աստծուն: Ես երբեք դժբախտ չեմ եղել, որովհետեւ ինչ էլ Աստված ինձ համար նախատեսած լինի՝ ուրախություն, թե տառապանք, թթու, թե քաղցր, ես ամեն ինչ Աստծուց ընդունում եմ որպես լավագույնը: Ես չեմ կարող ոչ երանելի լինել, որովհետեւ ինձ ամբողջությամբ տվել եմ Աստծո կամքին»: Ճամփորդը հարցնում է. «Իսկ եթե Աստված որոշեր քեզ դժոխք ուղարկել, ի՞նչ կասեիր»: Աղքատը նախ կասկած է հայտնում, որ նման բան հնարավոր է, իսկ հետո ավելացնում. «Նույնիսկ այդ դեպքում ես կունենայի երկու ձեռք, որոնցով կբռնվեի Նրանցից: Մեկը ճշմարիտ հեզությունն է, իսկ մյուսը՝ սերը, եւ դրանցով ես կգրկեի նրան»: Եվ վերջում նա ասաց. «Ավելի լավ է՝ Աստծո հետ լինել դժոխքում, քան երկնքում՝ առանց Նրա»: (Ի դեպ, այդ վերջին եւ նմանատիպ այլ պնդումների հիման վրա եկեղեցական վերնախավն Էքհարդի դեմ հերետիկոսության մեղադրանք էր առաջադրել):

Իրոք որ՝ մենք մշտական լարվածության մեջ ենք՝ համեմատելով մեր կացությունը, մեր ունեցվածքը, մեր ուժն ու ճարպկությունը մեկ ուրիշի հետ, որը, մեր կարծիքով, դրանից ավելի շատ ունի: Եթե ապրենք նման համեմատությունների աշխարհում, ապա հոգեկան տառապանքներն անխուսափելի են, որովհետեւ հաստատ աշխարհիս երեսին կգտնվեն մարդիկ, որոնք քեզ այս կամ այն հարցում գերազանցել են: Շուկայական հարաբերությունները, ուզենք թե չուզենք, ենթադրում են այդպիսի համեմատություններ: Իսկ այլ, ոչ շուկայական հարաբերություններ մարդկության պատմության մեջ չեն եղել՝ սկսած նախնադարյան-համայնական կարգերից եւ չեն էլ լինելու՝ կոմունիստական ուտոպիաները եւ 20-րդ դարում դրանց վրա հիմնված «փորձարկումները» անհաջողության մատնվեցին:

Ուրեմն ինչ է պետք անել այդ շուկայական հարաբերությունների պայմանններում դժոխքում չհայտնվելու, գլուխը չկորցնելու եւ անընդհատ ուրիշների հետ չհամեմատվելու համար: Պետք է հարաբերականի կողքին ունենալ նաեւ Բացարձակը: Երբ անհավատ, «աթեիստ» ազգը «պաշտոնապես» անցնում է շուկայական հարաբերությունների, ինչը եւ տեղի ունեցավ Հայաստանում 1990 թվականին, անխուսափելիորեն հասարակության ջրի երես է բարձրանում «տիղմը», որովհետեւ չկան պաշտպանական մեխանիզմներ, արժեքներ, որոնցով այդ հասարակությունն առաջնորդվում է: Այս պայմաններում մարդիկ շարունակելու են հարցնել, թե ինչու դախլչի Գվիդոնը 25 տարում միլիոնատեր դարձավ, իսկ ես չդարձա: Հասարակության ուղեղը զբաղված է նման մանր խնդիրներով:
Շուկայական հարաբերությունները, մրցակցությունը (արդար կամ, ինչպես մեր դեպքում է՝ անարդար) մարդկանց օբյեկտիվորեն բաժանում են: Պետք է ինչ-որ բան, որը նրանց կմիավորի: Դուք կասեք, որ դա պետությունն է՝ իր ուժով, իր պարտադրանքով, խաղի կանոններով: Իհարկե, այդպես է: Բայց ինչու մեզանում 25 տարի նման պետություն չի ստեղծվում: Ինձ թվում է՝ այն պատճառով, որ չկա հավատը, չկա այն Բացարձակը, որը հոգեւոր ավելի բարձր մակարդակում ազատում է մարդկանց մրցակցությունից, նախանձից եւ էգոիզմից:

Ես չգիտեմ՝ գուցե կան այլ ճանապարհներ: Բայց Հայաստանի ճանապարհը, կարծում եմ, համերաշխությունն է, համագործակցությունը, իսկական, անկեղծ եւ անշահախնդիր բարի գործերը: Ինչպես ասում էր Մայստեր Էքհարդը՝ «Ով անում է բարի գործ, բայց չի անում դա բացառապես հանուն Աստծո, այլ ունի նաեւ ուրիշ մտադրություններ, բացի Աստծուց, նա նսեմացնում է Աստծո արժեքը: Որովհետեւ բոլոր բարի գործերն Աստծո գործերն են»:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Կարելի է սիրել կենդանիներին ու փոքր տարիքից դաստիարակել, թե պետք է պաշտպանել նրանց, բայց այդ դաստիարակությամբ երեխային անտառ թողնել որ գնան չի կարելի, էդ պաշտպանիալ կենդանիները նրան կհոշոտեն։ Մենք ազգովին շատ դժբախտություններ ենք տարել հենց այդ միամիտ ՝՝բարձր՝՝ հոգեւոր արժեքների պաշտպանության ու նրանց աստվածային՝ ամենազոր ու փրկիչ գաղափարախոսության պատճառով։ Մենք հայերս ի ծնե ի բնե քաղաքակիրթ ենք մեր հայկական ազգային արժեքներով, մեր գաղափարախոսությամբ գիտենք, որ բարին առանց բռունցքի էշություն է, բայց ուրիշների ՝՝բարձր՝՝ գաղափարախոսությունը բռունցքին շատ համեստ տեղ է տալիս։ Կարճ ասած, մեր մեջ բարին առանց այդ էլ չափից ավելին է, մեզ բռունցք ու հարստություն քարոզեք, որ կախված չլինենք ամեն տեսակ անմակարդակ, բայց ուժեղ ու հարուստ ազգերից։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29