Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է,
որ Թուրքիան ստացավ այն, ինչին արժանի էր
«Ես կարծում եմ, որ հայտարարություններ են արվում, բայց իրավիճակը սկզբունքորեն չի փոխվում: Դա լարվածության նոր մակարդակ չի նշանակում. եթե ռեալ օդային բախում լինի, կամ եթե Թուրքիան որոշի Սիրիայում նոր ռազմական գործողություններ սկսել, արդեն կնշանակի հարաբերությունների լարվածության նոր փուլ է սկսվում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց թուրքագետ, ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը՝ խոսելով անընդհատ սրվող ռուս-թուրքական հարաբերությունների մասին:
Կոնֆլիկտի երկու կողմերի շահարկման առարկան դարձել է նաեւ Հայաստանը. Ռուսաստանում ցանկանում են չեղարկել 1921 թվականի մարտ 16-ի Մոսկվայի պայմանագիրը, թուրք վարչապետ Դավութօղլուն էլ հայտարարում է, որ Ռուսաստանը, աջակցելով Հայաստանին, սպառնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: Պարոն Սաֆրաստյանը համաձայն չէ, որ Ռուսաստանը շահարկում է Հայաստանի հարցը. «Խոսքը միայն պայմանագրի մասին է, որը նոր բան չէ, պաշտոնական որեւէ արձագանք էլ չկա: Օրենսդիր մարմինը ներկայացրել է առաջարկը, Ռուսաստանի արտգործնախարարությունն էլ ասել է՝ կուսումնասիրեն: Իրադրությունը նույնն է մնացել. այն ժամանակ էլ Կոմկուսի երկու պատգամավորներն այդ հարցը բարձրացրին»,- ասում է պարոն Սաֆրաստյանը: Իսկ ինչ վերաբերում է Թուրքիայի վարչապետի հայտարարություններին, ապա ըստ թուրքագետի՝ դրանք դիվանագիտական քայլեր են, որոնք չնայած իրադրությունն առանձնապես չեն փոխի, սակայն Հայաստանի կողմից պատասխան հայտարարության պետք է արժանանային:
Կարդացեք նաև
Թուրքիան Ռուսաստանի հետ կոնֆլիկտում հաղթելու համար օգտագործում է անգամ իր եղբայր Ադրբեջանին՝ փորձելով սեպ խրել վերջինիս եւ Ռուսաստանի միջեւ: Այս մասին պարոն Սաֆրաստյանն ասում է. «Ակնհայտ է՝ Թուրքիան փորձում է Ադրբեջանին ներքաշել իր խնդրի մեջ՝ հակառուսական տրամադրություններ առաջացնելով, օգտագործելով Ադրբեջանի պահվածքը, բայց որքան որ մենք տեսնում ենք՝ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է խուսանավել, հնարավորինս չլարել իրավիճակը: Պարզ է, հասկանալի է, թե ինչու է դա անում»: Ըստ թուրքագետի՝ չպետք է գերագնահատել Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա. «Ադրբեջանն էներգակիրներ ունեցող երկիր է: Թուրքիան էլ որոշ չափով Ադրբեջանից է կախված. ադրեջանական գազը մտնում է տարածք, հետո վերավաճառվում է Եվրոպային, եւ այն գինը, թե որքան է Թուրքիան գազը վաճառելու, Ադրբեջանն է որոշում, ամեն տարի այդ հարցի շուրջ սուր քննարկումներ են լինում»,- ասում է պարոն Սաֆրաստյանը՝ նշելով, որ մինչեւ այս պահը Բաքուն կարողանում է հօգուտ իրեն չեզոքությունը պահել, թե ինչքան կկարողանա դա անել՝ ապագայի հարց է:
Ռուսաստանի հետ դիվանագիտական բախումներից զատ` Թուրքիան ծանրաբեռնված է երկրի ներսում պարբերաբար կազմակեպվող ահաբեկչությունների դեմ պայքարով: Այս շաբաթ Անկարայում իրականացված ահաբեկչությունն աննախադեպ էր իր տեսակով. թիրախում ռազմավարական օբյեկտներ են եղել: Անդրադառնալով այս իրադարձությանը՝ Ռուբեն Սաֆրաստյանն ասում է. «Պաշտոնական Անկարան հայտարարեց, որ դրա հետեւում կանգնած են Սիրիայի քրդերը, նաեւ մեղադրեցին Սիրիայի իշխանություններին, բայց ավելի հավանական է, որ ոչ թե Սիրիայի քրդերն են դրա հետեւում կանգնած, այլ Սիրիայում գործող «Իսլամական պետություն» խմբավորումը: Ես դեռ չեմ տեսել որեւէ փաստարկ, որն ապացուցում է, որ Սիրիայից է եկել ահաբեկիչը: Տրամաբանորեն Սիրիայի քրդերի համար ոչ մի անհրաժեշտություն չկար ահաբեկչություն իրականացնել Անկարայում, իրենք կռվում են իրենց հողի վրա, իրենց տարածքի վրա, իրենց այդ ահաբեկչությունը ոչինչ չէր տա: Կան տարբեր մեկնաբանություններ, օրինակ՝ Թուրքիայի ազգային անվտանգության նախկին ղեկավարներից մեկը կարծում է, որ սա կազմակերպել է «Իսլամական պետություն» խմբավորումը»:
Պարոն Սաֆրաստյանը այս իրադարձությունների ֆոնին «Իսլամական պետության» կայացման ավելի քիչ հավանականություն է տեսնում: «Հայտնի փաստերը վկայում են դա. հատկապես ռուսական օդուժի կիրառումից եւ ԱՄՆ-ի զինված ուժերի թիրախավորված հարձակումներից հետո, նաեւ որ հաջողվեց կրճատել «Իսլամական պետության» նավթը վաճառելու հնարավորությունները: Տեղի է ունենում «Իսլամական պետության» թուլացում, տեսնում ենք, որ տարածքն է պակասում: Պակասել է այն շահույթը, որոնք նրանք ստանում էին նավթի ոչ օրինական վաճառքից»,- ասում է պարոն Սաֆրաստյանը եւ նշում, որ նախկինում իրենց տարածքում իրականացվող սոցիալական ծրագրերը այժմ չեն ֆինանսավորվում, պակասել են նաեւ այն գումարները, որով նրանք վարձատրում էին վարձկաններին: «Գաղտնիք չէ, որ Թուրքիան մեծ դեր է կատարել «Իսլամական պետության» կայացման հարցում, փորձում էին նրան օգտագործել Ասադի դեմ՝ իրենց նպատակներն իրականացնելու համար»- ասում է պարոն Սաֆրրաստյանը: Նա Թուրքիայում իրականացված վերջին ահաբեկչություններում տեսնում ԻՊ-ի հետքը. «Երբ Թուրքիան ստիպված էր որոշակի գործողություններ ձեռնարկել «Իսլամական պետության» դեմ՝ նրանք շատ ուժեղ հակահարված հասցրեցին Թուրքիային: Այսինքն՝ Թուրքիան ստացավ այն, ինչին արժանի էր: Սա այն քաղաքականության արդյունքն էր, որ վարում էր Էրդողանը»:
ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
20.02.2016