Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաչալը ճար ունենար`իր գլխին կաներ»

Փետրվար 22,2016 14:30

Արմեն Ռուստամյանը` Լեւոն Զուրաբյանին

«Ես խորհուրդ կտամ բոլոր այդ անձանց այդքան ցավագին չտանել ՀՅԴ-ի տարբեր մարտավարական քայլերը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` հակադարձելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին: Վերջինս, հիշեցնենք, մի քանի օր առաջ մամուլի ասուլիսում, իր գնահատմամբ, մի «բարի խորհուրդ» տվեց ՀՀԿ-ականներին. «Եթե ուզում են սաղ մնան, թող ՀՅԴ-ի հետ չդաշնակցեն»: Մինչ այդ Լեւոն Զուրաբյանը հիշեցրել էր, թե ինչպես անցած դարասկզբին, երբ դաշնակներն օգնեցին երիտթուրքերին իշխանության գալ, երբ սուլթանը հետապնդում էր նրանց, «հերիք չի՝ ահավոր պատուհաս ու ողբերգություն բերեց մեր ժողովրդի գլխին` ինքն էլ կործանվեց»: Ապա Զուրաբյանը հիշել էր նմանօրինակ մեկ այլ` նացիստական Գերմանիայի հետ Դաշնակցության համագործակցությունը:

Արմեն Ռուստամյանը հորդորում է. «Հասկանալ, որ այդ կուսակցությունը (նկատի ունի ՀՅԴ-ն-Ն. Գ.) չի լսում աջ ու ձախից եկած տարբեր հայտարարություններ, ուղղորդվում է իր սեփական ցանկություններով, քննարկումներով եւ որեւէ կերպ դա չի պայմանավորում այս կամ այն խորհուրդներով, խրատներով՝ մանավանդ, որ այդ խրատ տալու իրավունքը մարդիկ պետք է վաստակեն: Ունենան առնվազն այնքան վաստակ, որքան ձեռք է բերել ՀՅԴ-ն: Գոնե դրա կեսի կեսն ունենան` էլի վատ չի: Խորհուրդներ կարելի է լսել մարդկանցից, ովքեր դրա համար ունեն վաստակած անցած ճանապարհ եւ համապատասխան արժեքներ»: Արմեն Ռուստամյանը նաեւ հայտնի ժողովրդական խոսքը հիշեց. «Քաչալը ճար ունենար` իր գլխին կաներ»: Նա չցանկացավ մանրամասնել, թե այսպիսով ի՞նչ է ակնարկում:

Հիշեցնենք միայն, որ ոչ վաղ անցյալում՝ ընդամենը մեկ-մեկուկես տարի առաջ, ՀԱԿ-ը եւ ՀՅԴ-ն խորհրդարանում բավական բարեհաջող դաշնակցության փորձեր էին անում «քառյակի» շրջանակներում: Այդտեղ էին նաեւ ԲՀԿ-ն եւ «Ժառանգությունը»: Հետո, «քաղաքական իրավիճակի փոփոխությամբ» պայմանավորված, ՀՅԴ-ն լքեց քառյակի ֆորմատը: Թե ի՞նչ ճակատագրի արժանացավ «եռյակը»՝ հայտնի է:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29