Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդգես Գասպարիի կալանավորման հարցն՝ ԱԺ-ում. « Դրա մասին դուք իրավո՞ւնք ունեք խոսելու ընդհանրապես» (Տեսանյութ)

Փետրվար 22,2016 12:34

Գալուստ Սահակյանի առողջական վիճակը լավ է, մի քանի օրից կգա աշխատանքի: Այսօր ԱԺ նիստի սկզբում այս մասին հայտնեց ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ հայտարարություն արեց Վարդգես Գասպարիի կալանավորման հետ կապված: Նրա խոսքերով՝ քաղաքական հայացքների համար հետապնդումներ անհանդուրժելի է որեւէ ժողովրդավարական երկրի համար: Տարին սկսվեց Գեւորգ Սաֆարյանի կալանավորմամբ, իսկ երկու օր առաջ կալանավորվեց ակտիվիստ Վարդգես Գասպարին՝ միայն նրա համար, որ իշխանությունների կամայականությունների դեմ կազմակերպում է բողոքի ակցիաներ»:

Նա հորդորեց ոստիկանությունից եւ դատախազությունից ԱԺ-ն բացատրություններ պահանջի Գասպարիի ապօրինի ազատազրկման համար եւ ԱԺ-ին ներկայացվեն ձեռք բերված տեղեկությունները:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց, որ ցանկացած ժողովրդավարական երկրում քաղբանտարկյալների առկայությունն անթույլատրելի է. «Մենք ՀՀ-ում ցավոք տեսել ենք ժամանակաշրջան, երբ ունեցել ենք քաղբանտարկյալներ, բայց այդ ժամանակները վաղուց անցել են, մնացել են նախորդ դարում»:

Ինչ վերաբերում է Գասպարիին՝ Շարմազանովն ասաց, որ ուժային կառույցները կներկայացնեն իրենց կարծիքները. «Մենք իրավունք չունենք միջամտելու այն գործառույթներին, որտեղ կա օրենք: Եթե մենք կտեսնենք, որ կա օրենքի խախտում, կամայական դրսեւորում, բնականաբար, խորհրդարանն իր կարծիքը կհայտնի: Իրավական խնդրի մեջ քաղաքական խնդիր չտեսնենք: Իմ խորին համոզմամբ, այս հարցում քաղաքական ենթատեքստ չկա: Ձեզ էլ կոչ կանեմ դատավորի կամ դատախազի գործառույթ չվերցնել ձեզ վրա»:

«Ես մի քիչ զարմացած եմ ձեր հակազդեցությունից: Ձեր պահվածքով շատ ավելի անհանդուրժելի վերաբերմունք դրսեւորեցիք այն հարցերի վերաբերյալ, քան դա անում է Գալուստ Սահակյանը»,- արձագանքեց Լեւոն Զուրաբյանը՝ նկատելով, որ Գալուստ Սահակյանը շատ ավելի հանդուրժող ու համբերատար է:

Նրա խոսքով «Քաղբանտարկյալների մասին դուք ընդհանրապես պիտի չխոսեք, որովհետեւ 2008-ից հետո 70 մարդ բանտերում եք պահել: Բոլորը մեր կուսակցությունների առաջնորդներ են եղել, հայտնի ակտիվիստներ: Դրա մասին դուք իրավո՞ւնք ունեք խոսելու ընդհանրապես»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29