Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի պաշտոնյա. «ՀՀ-ն եզակի երկիր է, որը նոր Սահմանադրությամբ ամրագրել է երեխաների իրավունքները»

Փետրվար 22,2016 12:09

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակը, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, Եվրոպական Միությունը և Գերմանական զարգացման համագործակցությունն այսօր ներկայացրեցին ԵՄ-ի եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի մշակած «Երեխայի իրավունքների գործիքակազմը»: Հայերեն թարգմանված ձեռնարկը ներառում է երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող իրավական նորմեր, հայեցակարգեր եւ առաջարկներ:

Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը նշեց, որ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը գործակցում է ՀՀ կառավարության եւ քաղաքացիական հասարակության հետ՝ երեխաների իրավունքների իրացման ուղղությամբ. «Հայաստանն այն եզակի պետություններից է, որը երեխաների իրավունքներն ամրագրեց նաեւ փոփոխված Սահմանադրության մեջ: Սակայն շատերը գիտեն, որ երեխայի իրավունքների պաշտպանությունը եւ դրանց իրագործումը բարդ ճանապարհ է: Այսօր քաղաքականության հետ կապված տարբեր ընտրություններ են կատարվում աշխարհում: Պետք է հասկանալ՝ ինչպես են դրանք ազդում երեխաների վրա»:

FILE7329 FILE7315 FILE7313 FILE7312 FILE7311

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Անտոնի Սվիտալսկու խոսքով՝ գործիքակազմը եւս մեկ ապացույց է առ այն, որ երեխաների իրավունքների հարցը ԵՄ-ի համար շատ կարեւոր է. «Պատրաստ ենք օգնել Հայաստանին՝ երեխաների իրավունքների պաշտպանության գործում արդյունքների հասնելու համար: Գործիքակազմը հեշտ ընթեռնելի չէ, նախատեսված է մասնագետների համար, ուստի հանրությունը կարող է դժվարությունների հանդիպել: Գործիքակազմը իրազեկման մասին է: Հայաստանում կարեւոր այլ հարցեր էլ կան, բայց հավատացեք՝ այս ոլորտը գնալով ավելի մեծ կարեւորություն է ստանում»:

Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Նադիա Լիխտենբերգերն էլ փաստեց, որ վերջին տարիներին Հայաստանում ստեղծվել են երեխաների խնամքի եւ իրավունքների պաշտպանության կենտրոններ:

Հավելենք, որ առաջիկա երկու օրում կկազմակերպվի ներկայացված գործիքակազմի մասին դասընթաց՝ նախատեսված ՀՀ Կառավարության անդամների, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի ներկայացուցիչների համար:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29