Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Սարգսյանի՝ Աբովյան փողոցի հին մառանները պահպանելու խոսքին չեն վստահում

Փետրվար 22,2016 14:00

Հայաստանի տուրօպերատորները, զբոսաշրջային բիզնեսով զբաղվողներն ու գինեգործները չեն վստահում քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի այն վստահեցմանը, որ Աբովյան, Արամի, Բուզանդի փողոցների քանդման ենթակա շենքերի տակի գինու հին մառանները կպահպանվեն:

Նարեկ Սարգսյանն օրերս ի պատասխան «Առավոտի» դիտարկմանը, թե նշված փողոցների հին մառանների ճակատագրով մտահոգված են զբոսաշրջային ընկերություններն ու գինեգործները, ասել էր. «Ուղիղ Դոլմամայի դիմաց՝ Աբովյանի անկյունում կա եւս մեկ հուշարձանային շենք, որը նույն կառուցապատողինն է, այդտեղ եւս կային նկուղներ, որոնք ամբողջությամբ պահպանվել են, զարգացվել են: Ես վստահ եմ, որ այս նկուղները եւս չեն քանդվելու: Երբ լինի առաջադրանք՝ ինչ է կարելի, ինչ՝ ոչ, առաջադրանքով կլինեն սահմանափակումներ, սահմանափակումները կլինեն հուշարձանների վերաբերյալ՝ տեղում պահպանելու, այդ թվում նաեւ՝ նկուղները, որոնք եթե արժեքավոր են, մեր մոտեցումը կլինի պահպանել»: «Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը Սարգսյանի խոսքերին այնքան էլ չի վստահում. «Միայն խոսքով չէ, գործն է կարեւոր»: Չվստահելու հիմքեր ունեն տուրօպերատորները. Մանուկյանը հիշեցրեց Հյուսիսային պողոտան, որը կառուցելուց առաջ, ինչպես նշեց Մանուկյանը, խոստանում էին, որ կանաչապատ հետաքրքիր տարածք է ունենալու, մինչդեռ այսօր այդտեղ անկենդան շենքեր են միայն:

«Հայաստան այցելած օտարերկրյա զբոսաշրջիկներին Հյուսիսային պողոտայով փորձում ենք երկար ման չտալ, նրանք մեզ հարցնում են՝ ինչո՞ւ է այստեղ այսքան մութ, մռայլ, ասում ենք՝ նոր է կառուցված: Ստիպված ստում ենք, չենք ասում, որ 8 տարի է՝ կառուցված է: Փորձում ենք նրանց տանել այն բակեր ու փողոցներ, որտեղ մի քիչ պահպանվել է Երեւանի շունչը, հայկական բան է մնացել»,- ասաց Մանուկյանը:

Թվում է, թե կառավարությունը պետք է շահագրգռված լիներ Երեւանում պահպանելու հին շենքերն ու մեր հին պատմության, ավանդույթների մասին պատմող հուշարձաններն ու մառանները, որոնք կարող են փող բերել մեր երկիր: Սակայն ինչպես ականատեսն ենք լինում՝ 2797 տարեկան Երեւանում անգամ 100 տարեկան շենք չի մնացել, դրանք օտարվել ապա ապամոնտաժվել են հանուն մասնավոր բիզնես շահերի:

Քանի տարի է՝ կառավարության գերակա ճյուղերից են զբոսաշրջությունն ու գինեգործությունը, բայց այս ոլորտները զարգացնելու փոխարեն՝ կառավարությունը նրանց շնչելու «օդերն էլ է փակում»:

Մասնագետներն ասում են, որ Արամի 30 հասցեի մառանը քանդվել է, մյուսներն էլ վտանգված են, այդ հատվածում շատ մառաններ կան, որոշները փլուզվել են, որոշները կիսաքանդ են, որոշներն էլ փակ են, մուտք գործելն անհնար է:
Գինեգործներն ու տուրօպերատորները վստահ են, որ Աբովյան, Պուշկին, Արամի, Բուզանդի փողոցների գինու հին մառանները կարող են զբոսաշրջիկներին գրավելու հրաշալի միջոցներ լինել եւ ավելի շատ փող բերել, քան թանկարժեք հյուրանոցները, ընդ որում՝ ոչ մի հյուրանոց համեմատելի չէ հուշարձանների հետ:

Եթե նախարար Սարգսյանը նշում է, որ դրանք նկուղներ են, ապա տուրօպերատորներն ասում են՝ դրանք հետաքրքիր են օտարերկրացիներին, քանի որ հայերի ավանդույթների, կենցաղի մասին են պատմում: Ի վերջո, մենք ամբողջ աշխարհին ապացուցում ենք, որ գինու բնօրրանն է Հայաստանը, բայց Երեւանում չենք պահպանում հին մառանները:
Այս մառաններն ընդգրկված չեն հուշարձանների ցանկում, դրանց մեծ մասը սեփականատեր կառուցապատողներին են պատկանում: Մեր այն հարցին՝ հնարավո՞ր է, որ մի օր էլ հայտարարվի՝ այդ մառաններն, ասենք՝ «սարայ են», ինչ-որ մի գեղջուկի նկուղ է եղել, ու այդ հիմնավորմամբ քանդեն, ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանն ասաց. «Թող լինի «սարայ», գինգործությունը մինչեւ արդյունաբերական շրջանի հասնելը՝ 6000 տարի առաջվանից համարյա տեխնոլոգիապես ոչ մի բանով չի տարբերվում, ու կարեւոր չէ՝ գեղջուկի նկո՞ւղ է, թե՞ մոնումենտալ կառույց, այստեղ կարեւորը կենդանի վիճակն է, այդ մառանների պատմությունը, դրանք պետք է պահպանվեն»: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ այդ մառանները կառուցապատողների սեփականությունն են դարձել, Գասպարյանը բերեց Վաշինգտոնի օրինակը. այնտեղ մարդկանց մեծ մասը բնակվում է հին, հուշարձանային շենքերում, եւ պետությունն արգելում է որեւէ փոփոխություն կատարել, որեւէ բնակիչ, սեփականատեր իրավունք չունի միջամտել:

Թե Գասպարյանը եւ թե Նունե Մանուկյանն ասացին, որ միայն մառանները պահպանելով չպետք է սահմանափակվել, այն հին շենքերը, որտեղ մառաններն են, չի կարելի քանդել: Մեր զրուցակիցների ներկայացմամբ՝ հենց այդ շենքերը պետք է վերականգնվեն, ու այդ տարածքներում գինու մշակույթի հետ կապված օբյեկտներ կառուցվեն՝ դրանք կարող են լինել թե գինու վաճառքի, համտեսի կետեր, թե այլ նման բաներ, ու մառանների հետ միասին Երեւանի այդ հատվածը կարող է զբոսաշրջիկների սիրելի վայր դառնալ: «Միշտ ասում են, թե դրանք վերականգնելու համար մեծ փողեր են պետք, չկա այդքան գումար: Բայց չէ՞ որ բոլոր հին շենքերը պարբերաբար վերականգնման կարիք ունեն, օրինակ՝ Լուվրն էլ հին շենք է, բայց հսկայական գումարներ են ծախսում այն պահպանելու համար, ու ավելի շատ գումարներ ստանում դրանից: Ինչո՞ւ մեզ մոտ այս տարբերակը չի գործում»,- ասաց «Արենի փառատոն» հիմնադամի տնօրենը: Բորիս Գասպարյանն էլ այն կարծիքին է, որ այդ հին մառանները պահպանելու համար ընդամենը կամք է հարկավոր: Գասպարյանն ասաց, որ Երեւանի տարբեր հատվածներում կան նման հին մառաններ, որոնք եւս պետք է ուշադրության կենտրոնում լինեն, պահպանվեն:

Երեկ տեղեկացանք, որ մի խումբ գինեգործներ օրերս նամակով դիմել են վարչապետին եւ մանրամասն բացատրել խնդիրն ու դրա կարեւորությունը: «Հուսով ենք՝ լավ արձագանք կլինի»,- ասաց նամակի հեղինակներից «Տիրինդի» գինեգործական ընկերության տնօրեն Հովակիմ Սաղաթելյանը: Նա ասաց, որ այս տարի Հայաստան են այցելելու աշխարհում շատ հայտնի, հզոր ու իրենց արժեքավոր խոսքն ունեցող գինու ոլորտի մասնագետներ. «Բայց այդ մարդկանց մենք բան պիտի՞ ունենանք ցույց տալու՝ բացի 6000 տարվա քարանձավից, Երեանն էլ պիտի՞ ցույց տանք»: Սաղաթելյանն ասաց, որ Երեւանում եղած մառանների քանակը բավարար է, որպեսզի Երեւանը որպես գինեգործական քաղաք ներկայացնենք, բայց միայն այն դեպքում, եթե դրանք չքանդվեն, այլ վերականգնվեն ու պահպանվեն:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29