Սփյուռքում միշտ էլ անհամբերությամբ են սպասում հայրենիքից ժամանած այն մշակութային կոլեկտիվներին, որոնք ներկայացնում են բարձր մշակույթ: Օրինակ, 2000-ականներին Հայաստանի պարի պետական անսամբլի՝ Ստամբուլում կայացած մեկշաբաթյա հյուրախաղերը երկարաձգվեցին եւս 7 օրով՝ դա ոչ միայն տեղի մեր հայրենակիցների, այլեւ մեջլիսի որոշ պատգամավորների խնդրանքն էր: Այդ ժամանակ երջանկահիշատակ Սուրեն Չանչուրյանն «Առավոտին» փոխանցել էր Ստամբուլի պարբերականներից մեկում հրապարակված թուրք պատգամավորի խոսքը. «Հայաստանի պարի պետականի ելույթը մե՜ծ քաղաքականություն էր, ինչից կարելի է օրինակ վերցնել…»:
«Առավոտի» տեղեկություններով՝ անսամբլը այս գարնանը նույնպես պատրաստվում է հանդես գալ Թուրքիայում: Լուրը հաստատեց անսամբլի գլխավոր բալետմայստեր, ՀՀ վաստակավոր արտիստ Ասատուր Կարապետյանը: Նա նշեց, որ կոնկրետ Թուրքիա կայանալիք հյուրախաղը երրորդն է այդ երկրում:
Հարցին՝ հնարավո՞ր է Թուրքիայում ներկայացնեն նաեւ այդ ժողովրդի որեւէ պարային նմուշ, մեր զրուցակիցը շրջանցելով հարցը՝ նշեց միայն, որ Թուրքիա կատարած առաջին շրջագայության ժամանակ պարի անսամբլի գործիքային մասը ներկայացրել է թուրքական մի մեղեդի: Հետո էլ հիշեց 2015թ. աշնանը իրենց համերգները Իսպանիայում, Գերմանիայում, Հոլանդիայում: «Իսկապես գոհ ենք թե հայ, թե համերգներին ներկա օտարազգի հանդիսատեսի ընդունելությունից: Նրանք պարզապես չէին թողնում արտիստներին բեմից հեռանալ: Համերգներին ներկա էին նաեւ այդ երկրներում գտնվող Հայաստանի դեսպաններն ու դեսպանատան աշխատակիցները: Իսկ հրավիրող կողմերը, որ հայկական համայնքների ղեկավարներն էին, ասում էին արեք այնպես, որ Հայաստանից միայն պրոֆեսիոնալ կոլեկտիվներ գան արտասահման…»,- հայտնեց պարոն Կարապետյանը:
Կարդացեք նաև
Մեր զրուցակցին հիշեցրինք 2015թ. աշնանը Ազգային օպերային թատրոնում կայացած Պարի պետականի, «Բարեկամության» եւ Երգի-պարի անսամբլի պարային մասի համատեղ համերգի մասին: Կեսկատակ-կեսլուրջ փաստեցինք, թե այդ համերգից հետո հանդիսատեսը ձեռնարկի մասին խոսելիս՝ «համերաշխություն» որակումն էր տալիս, նշում էր, թե անառողջ մթնոլորտ ունեցող որոշ հայաստանյան օջախներ թող օրինակ վերցնեն պարային կոլեկտիվներից: «Կոնկրետ պարային անսամբլներում բոլոր ժամանակներում էլ տիրել է համերաշխությունը, հպարտացել ենք մեկս մյուսի հաջողություններով»,- հավաստիացրեց Ասատուր Կարապետյանը: Հավելեց նաեւ, թե համատեղ հանդես գալը ավանդույթ կդառնա յուրաքանչյուր տարվա ավարտին:
Անդրադառնալով Պարի պետականին, գլխավոր բալետմայստերը տեղեկացրեց, որ ընթացիկ համերգաշրջանի հերթական բեմելը կկայանա «Արամ Խաչատրյան» համերգասրահում, մարտի 23-ին:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
20.02.2016